2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Վրաստանում բերման են ենթարկել հայկական եկեղեցու վրա հարձակված երիտասարդներին

Հայ առաքելական  եկեղեցու վրացական թեմի ներկայացուցիչների հայցի հիման վրա Վրաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հայկական եկեղեցու վրա ոչ սթափ վիճակում հարձակում գործած երկու վրացի երիտասարդների նկատմամբ:

Օգոստոսի 19-ի երեկոյան` ժամը 16:00-ի սահմաններում, Թբիլիսիում Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի էին մտել ազգությամբ վրացի 2 երիտասարդ: Հոգևոր հայրերն այդ ժամանակ բացակայել են: Եկեղեցում են եղել միայն 2 կին աշխատակցուհիները և մոմավաճառն ու հավաքարարը:

Վրացական ոստիկանությունը արդեն սկսել է հետաքննչական աշխատանքներ իրականացնել: Երիտասարդները ձերբակալված են: Եկեղեցու աշխատակիցներն ու ականատեսները ցուցմունքներ են տվել, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը

Եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը հաղորդել է, որ այժմ նրանք արդյունքների են սպասում:

«Անկեղծ ասած, մենք երիտասարդներին դատելու կողմնակից չենք: Հնարավոր է, որ դրա կարիքը չկա: Պարզապես թող նրանք այն պատիժը կրեն, ինչ որ հարկն է, որպեսզի դա այլոց համար օրինակ ծառայի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ երիտասարդներից մեկը, մոտենալով խորանին, սկսել է կոպիտ կերպով թերթել Սուրբ Գիրքը և անգամ էջ է պոկել գրքից, որից հետո նստել է եպիսկոպոսական գահին: Եկեղեցում գտնվող կանայք փորձել են կարգի հրավիրել երիտասարդներին և դուրս են արել նրանց: Նրանք պոկել են եկեղեցու դռներին փակցված հայտարարությունները և ցուցադրաբար այրել դրանք: