Գլխավոր / Հայաստան / «Արմենիա» առագաստանավն ընդլայնել է «հայկական աշխարհի աշխարհագրությունը», համոզված է վարչապետը

«Արմենիա» առագաստանավն ընդլայնել է «հայկական աշխարհի աշխարհագրությունը», համոզված է վարչապետը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին՝ գիտարշավի ղեկավար Զորի Բալայանի գլխավորությամբ:

ՀՀ կառավարության կայքի հաղորդմամբ, վարչապետը նշել է, որ hետևել է առագաստանավի շրջագայության բոլոր փուլերին:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Արմենիա» առագաստանավի անձնակազմն իր շրջագայությամբ ընդլայնել է հայկական աշխարհի աշխարհագրությունը՝ «բացահայտելով մոռացված նոր անկյուններ, որտեղ դարեր շարունակ եղել է հայկական կյանք և ոգի»:

Վարչապետը հույս է հայտնել, որ շրջագայության մասնակիցները փաստավավերագրական նյութերի տեսքով կամփոփեն իրենց ուղևորության արդյունքները՝ հայ ժողովրդի պատմությունը շուրջերկրյա ճանապարհորդության միջոցով ապագա սերունդներին հաղորդելու համար:

Զորի Բալայանը Տիգրան Սարգսյանին պատմել է նավարկության ընթացքի, իրենց հանդիպած փորձությունների, ինչպես նաև գիտարշավի նվաճումների մասին: Ըստ գիտարշավի ղեկավարի՝ ճանապարհորդությունը կարևոր նշանակություն է ունեցել, հատկապես, Սփյուռքում հայապահպանությանը նպաստելու, աշխարհում հայկական մշակութային արժեքների հաշվառման և փաստագրման գործում:

«Արմենիա» առագաստանավն իր շուրջերկրյա ճանապարհորդությունն սկսել է 2009 թ. մայիսի 28-ից՝ Իսպանիայի Վալենսիա քաղաքից: Առագաստանավը հատել է 23 երկիր, մոտ 82 հազար կիլոմետր:

Tekali Taxi