Գլխավոր / Հայաստան / Մխիթարյանի և Օզբիլիսի թիմերն այսօր կիմանան Չեմպիոնների Լիգայի իրենց մրցակիցներին

Մխիթարյանի և Օզբիլիսի թիմերն այսօր կիմանան Չեմպիոնների Լիգայի իրենց մրցակիցներին

Երեկ Եվրոպայում ավարտվեց Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆ փուլը: Լիգայի խմբային մրցաշարում հանդես գալու իրավունք ձեռք բերեցին ևս հինգ թիմեր:

Այդ ակումբների շարքում են Լիգայի հնաբնակներ Լիոնի «Օլիմպիկը», որը 1:1 խաղաց Ռուսաստանի «Ռուբինի» հետ (առաջին խաղում լիոնցիները հաղթել էին 3:1), Լոնդոնի «Արսենալը», որը պարտության մատնեց իտալական «Ուդինեզեին» (առաջին խաղում լոնդոնցիները հաղթել էին 1:0), ինչպես նաև այս տարվա Լիգայի անակնկալը` Բելառուսի ԲԱՏԵ-ն: Վերջինս առաջին խաղում իր դաշտում 1:1 էր խաղացել ավստրիական «Շտուրմի» հետ, սակայն մրցակցի հարկի տակ հաղթեց մրցակցին 2:0 հաշվով, և երրկրոդ անգամ իր պատմության ընթացքում Լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեց:

Հաջողակ գտնվեց նաև Չեխիայի չեմպիոնը` Պլզենի «Վիկտորիան», որը հաղթեց դանիական «Կոպենհագենին» 2:1 հաշվով: Մրցակցի հարկի տակ «Վիկտորիան» նույնպես ուժեղ էր եղել` 3:1: Հիշեցնենք, որ երկրորդ որակավորման փուլում «Վիկտորիան» պայքարից դուրս էր թողել Հայաստանի չեմպիոնին` «Փյունիկին»: Երեկվա օրն արդյունավետ անցկացրեցին նաև պորտուգալական «Բենֆիկայի» ֆուտբոլիստները` 3:1 հաշվով պարտության մատնելով հոլանդական «Տվենտեին» (առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2):

Այսօր Մոնակոյում կկայանա Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը: 32 թիմերը բաժանվել են 4 զամբյուղի, համաձայն ակումբային վարկանիշի: Ուժեղագույնների զամբյուղում են Իսպանիայի «Բարսելոնան» և «Ռեալը», Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Չելսին», Գերմանիայի «Բավարիան», Պորտուգալիայի «Պորտուն» և Իտալիայի «Ինտերը»:

Երկրորդ զամբյուղում են հայտնվել ֆրանսիական «Օլիմպիկները»` Մարսելից և Լիոնից, Ուկրաինայի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, իտալական «Միլանը», իսպանական «Վալենսիան» և «Վիլյառեալը», պորտուգալական «Բենֆիկան» և ռուսաստանյան ԲԿՄԱ-ն:

Երրորդ զամբյուղում են ընդգրկվել Ռուսաստանի «Զենիթը», Հոլանդիայի «Այաքսը», որտեղ հանդես է գալիս հայազգի Արազ Օզբիլիսը, Գերմանիայի «Բայերը», Հունաստանի «Օլիմպիակոսը», Ֆրանսիայի «Լիլը», Անգլիայի «Մանչեսթեր Սիթին», Բելառուսի ԲԱՏԵ-ն և Շվեյցարիայի «Բազելը»:

Չորրորդ զմաբյուղում են Գերմանիայի «Բորուսիան», Իտալիայի «Նապոլին», Խորվաթիայի «Դինամոն», Բելգիայի «Գենկը», Կիպրոսի ԱՊՈԵԼ-ը, Թուրքիայի «Տրաբզոնսպորը», որը փոխարինել է որակազրկված «Ֆեներբախչեին», Բելգիայի «Գենկը», Չեխիայի «Վիկտորիան» և Ռումինիայի «Օցելուլը»:

Tekali Taxi