Գլխավոր / Հայաստան / «Քաղաքական պատանդների առևտուր». Զուրաբյանը պատմել է` ինչու է ՀԱԿ-ն առկախում բանակցությունները

«Քաղաքական պատանդների առևտուր». Զուրաբյանը պատմել է` ինչու է ՀԱԿ-ն առկախում բանակցությունները

Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունն առկախում է իր մասնակցությունը Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանական կոալիցիայի բանակցություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշել է, որ քաղբանտարկյալների առկայությունը  անհնար է դարձնում երկխոսության շարունակությունը:

«Բայց նաև հայտարարում ենք, որ պատրաստ ենք բանակցությունները վերականգնել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո»,- ասել է Զուրաբյանը:

Նա նաև ներկայացրել է օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կոնգրեսի կողմից իշխանությունների պատվիրակությանը ներկայացված փաստաթուղթ-առաջարկը:

Համաձայն փաստաթղթի` Հայ Ազգային Կոնգրեսն ընդունում է իշխող կոալիցիայի տված երաշխիքներն առ այն, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի իրավապահ մարմինները լրջագույնս քննեն ինչպես ոստիկանության պնդումները երիտասարդ ակտիվիստների հակաօրինական գործողությունների մասին, այնպես էլ ընդդիմության ակտիվիստների պնդումներն իրենց և իրենց փաստաբանների նկատմամբ ոստիականության կողմից բռնության կիրառման և իրավունքների ոտնահարման մասին, ինչպես նաև իրենցից կախված բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվի անձնական երաշխավորությունը:

Փաստաթղթում առաջարկվում էր նաև, որ իշխանական կոալիցիան ընդունի Հայ Ազգային Կոնգրեսի տված երաշխիքները, որոնցով կապահովվի երիտասարդ ակտիվիստների պատշաճ վարքագիծը` քրեական վարույթ իրականացնող մարմնի կանչով նրանց ներկայանալը և այլ դատավարական պարտականությունների կատարելը:

Ասուլիսից հետո տարածած հայտարարության մեջ ՀԱԿ-ը նշել է, որ օգոստոսի 23-ին տեղի ունեցած 6-րդ ռաունդի ժամանակ իշխանությունները թեև մերժել են Կոնգրեսի ներկայացված փատաթղթի ստորագրումը, փոխարենը հավաստիացումներ են տվել, որ իրավական «ոչ խտրական» գործընթացը կտարածվի բոլոր ակտիվիստների վրա, բայց քանի որ Տիգրան Առաքելյանը դեռևս մեկուսարանում է ՀԱԿ-ը որոշում է կայացրել սառեցնել բանակցությունները:

«Հայ Ազգային Կոգրեսի երաշխիքներով Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը` օրենքով նախատեսած անձնական երաշխավորության խափանման միջոցով փոխարինելու մերժումը վկայում է, որ իշխանությունները ցանկանում են օգտագործել Առաքելյանի կալանավորումը որպես Կոնգրեսից քաղաքական զիջումներ կորզելու համար ճնշման լծակ: Դրանով ամրապնդվում է Տիգրան Առաքելյանի` քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքը և դրա հետեւանքով երկխոսությունը վերածվում է քաղաքական պատանդների առևտրի», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

Tekali Taxi