Գլխավոր / Հայաստան / Շարքային ոստիկանները չեն բողոքել վառելիքի պակասից. Ո՞վ կփոխարինի Մարգար Օհանյանին

Շարքային ոստիկանները չեն բողոքել վառելիքի պակասից. Ո՞վ կփոխարինի Մարգար Օհանյանին

Երևանի Կենտրոնի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնություններ չի հաղորդել կապված ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի ձերբակալության գործով` նշելով միայն, որ վարույթը գտնվում է ՀՀ Հատուկ Քննաչական ծառայությունում:

Հաշվի առնելով այն փաստը, որ Օհանյանը մեղադրվում է վառելիքի յուրացման մեջ Epress.am-ը հարցրել է Մալխասյանին, թե արդյոք ոստիկանությունը չի ստացել բողոքներ շարքային ոստիկաններից:

Մալխասյանը բացասական պատասխան է տվել` ավելացնելով.

«Համենայնդեպս, ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը չի ստացել»,- ասել է նա:

Նշենք, որ այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը Մարգար Օհանյանի գործով չի հարցաքննվել:

Սարգսյանը չի ցանկացել մեկնաբանել շրջանառվող այն լուրերը, համաձայն որոնց ինքն է զբաղեցնելու Օհանյանի պաշտոնը:

«Մենք զինվորական ծառայողներ ենք։ Թե ով որտեղ կծառայի, որոշում է ոստիկանության ղեկավարությունը։ Մենք հրամաններ ենք կատարում։ Եթե որոշեն, որ ես պետք է ծառայեմ Ամասիայում, ես կգնամ ու կծառայեմ Ամասիայում: Նման խոսակցություն չի եղել, իսկ ինչ վերաբերում է ցանկություններին, ամեն մարդ կարող է ցանկություններ ունենալ»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) երեկ ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

Tekali Taxi