Գլխավոր / Հայաստան / Հայաստանցի իրավապաշտպանները կբողոքեն Բելառուսի դեսպանատան մոտ

Հայաստանցի իրավապաշտպանները կբողոքեն Բելառուսի դեսպանատան մոտ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 14:00-ից մինչև 15:00 Հելսինկյան ասոցիացիան Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց (Արաբկիր համայնք, Նիկոլ Դումանի փողոց, 12ա շենք) պիկետ է կազմակերպում` ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու:

Պիկետի մասնակիցները Բելառուսի իշխանություններից պահանջելու են ազատ արձակել իրավապաշտպանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Պիկետի կարգախոսներն են՝ «Ազատություն Ալես Բելյացկուն», «Մեր և ձեր ազատությունների համար», «Ազատություն քաղբանտարկյալներին»:

Ի պաշտպանություն Ալես Բելյացկու ակցիաները միաժամանակ կկազմակերպվեն մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղրղզստանում:

Նշենք, որ սեպտեմբերի 5-ին լրանում է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու ձերբակալման մեկ ամիսը:

Հելսինկյան ասոցիացիայի հաղորդագրության մեջ նշվում է, որ Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել են ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Իրավապաշտպանին սպառնում է 7 տարվա ազատազրկում: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները և առաջատար երկրների կառավարություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ալես Բելյացկու նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ, այդ քայլը գնահատել են իբրև իշխանությունների վրեժը Բելյացկու իրավապաշտպան գործունեության համար և քաղաքացիական հասարակությանը վախեցնելու փորձ, և պահանջել են անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին:

Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի:

Tekali Taxi