Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը կենտրոնանում է իր թշնամիներին պատժելու վրա. Փենինգթոն

Սերժ Սարգսյանը կենտրոնանում է իր թշնամիներին պատժելու վրա. Փենինգթոն

2008 թվականի մայիսի 15-ին ԱՄՆ-ի աջակցության ծրագրերի համակարգող Թոմ Ադամսը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ` հորդորելու նրան փետրվարյան նախագահական ընտրություններից և մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանը վերադարձնել ժողովրդավարական բարեփոխումների ուղի: Սարգսյան-Ադամս հանդիպման մասին մայիսի 20-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ Պետդեպ, որը գաղտնազերծել է WikiLeaks-ը:

Հանդիպման ընթացքում Ադամսը նշել է, որ ԱՄՆ աջակցության մակարդակը կախված է  Հայաստանում լուրջ բարեփոխումների իրականացման հետ: Ադամսն ասել է, որ դա, մասնավորապես, վերաբերում է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, որի իրականացումը Հայաստանում Սերժ Սարգսյանը կարևորել է:

Փենինգթոնը գրում է, որ զրույցի ընթացքում Սարգսյանը պաշտպանել է ընտրությունների արդյունքները` բռնությունների համար մեծամասամբ մեղադրելով ընդդիմությանը: Նա ասել է, որ նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն «արեց այն, ինչ պետք է արվեր»` հայտարարելով արտակարգ դրություն և ձերբակալելով ընդդիմության ներկայացուցիչներին:

Սարգսյանը ժխտել է, որ որևէ մեկը ձերբակալվել է քաղաքական հայացքների համար և հավաստիացրել, որ նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել, «պետք է պատժվեն»: Նա ընդունել է, որ ոստիկանությունն այդքան էլ ճիշտ չի գործել մարտի 1-ին` որպես պատաճառաբնություն նշելով ոստիկանների ոչ համապատասխան պատրաստվածությունը և ոչ ժամանակակից սպառազինությունը:

Սարգսյանի փոխանցմամբ` խնդրի հիմքում ընկած էր ընդդիմության մեկամսյա ծրագիրը, որի նպատակն էր «ուժով վերցնել իշխանությունը»:

Սարգսյանն Ադամսին խոստացել է բարեփոխումներ իրականացնել, սակայն նշել է, որ կիրականացվեն այնպիսի բարեփոխումներ, որոնք կասկածի տակ չեն դնի երկրի ապագան:

Նա չի ընդունել այն փաստը, որ Հայաստանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված խնդիրներ կան, և խիստ քննադատության է ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը «կողմնակալ լուսաբանման համար»:

Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել պայքարել կոռուպցիայի կրճատման համար, հատկապես, հարկային և մաքսային ծառայություններում:

Իր մեկնաբանության մեջ Փենինգթոնը Սարգսյան-Ադամս հանդիպումը հիասթափեցնող է անվանում:

«Չնայած թվում է, որ Սարգսյանը պատրաստակամ է մաքրել հարկային և մաքսային ծառայությունները տիրող կոռուպցիայից, մի բան ակնհայտ էր. նա պաշտպանողական դիրքերից էր խոսում, երբ հարցը վերաբերում էր ժողովրդավարությանը և ազատության:

Ավելի մեծ խնդիրների նկատմամբ, ինչպիսիք են ազատազրկվածները և ժողովրդավարական ազատությունների վերականգնումը, Սարգսյանը ուղղակի արհամարական վերաբերմունք ունի: Նախագահը շարունակում է կենտրոնանալ իր թշնամիներին պատժելու, ինչպես նաև Հայաստանում առկա խորը խնդիրների մեջ ընդդիմությանը մեղադրելու վրա: Մեր հորդորը Սարգսյանին այն էր, որ դեռ ժամանակ կա ամեն ինչ փոխելու, և որ մենք ցանկանում ենք օգնել նրան այդ հարցում: Առայժմ նախագահը, կարծես, չի կիսում հրատապության մեր զգացողությունը», – գրում է Փենինգթոնը:

Tekali Taxi