Գլխավոր / Հայաստան / 20 միլիոն տուգանելու փոխարեն ՀԷՑ-ին խիստ զգուշացում տվեցին

20 միլիոն տուգանելու փոխարեն ՀԷՑ-ին խիստ զգուշացում տվեցին

Սեպտեմբերի 5-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովն արձանագրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում:

 

Երևանի Նոր Նորք համայնքի Մոլդովական և Բագրևանդ փողոցների միջանկյալ տարածքում գտնվող մոտ 20 նորակառույց բնակելի տների սեփականատերեր դիմել են Հանձնաժողովին և ներկայացրել դիմում բողոք՝ իրենց թաղամասի բնակելի տներին էլեկտրամատակարարում չապահովելու համար:

Դիմումում, մասնավորապես, նշված է եղել, որ դեռևս 2005-ին բնակելի թաղամասի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով «ՀԷՑ»-ին տրամադրվել է հողատարածք՝ ենթակայանի շենքի կառուցման համար:

2009-ին ավարտվել է ենթակայանի շենքի կառուցումը, տեղադրվել են լիովին նոր սարքավորումներ, ինչի համար «ՀԷՑ»-ը արտաքին դոնորից ներգրաված վարկային ռեսուրսի հաշվին կատարել է զգալի կապիտալ ծախսեր: Սակայն արդեն 2 տարուց ավելի է, ինչ ենթակայանի շահագործման ուղղությամբ ընկերությունը որևէ քայլ չի կատարում, ինչի արդյունքում տարածքի բնակչությունը կրում է կենցաղային անհարմարություններ: «ՀԷՑ»-ի նման գործունեությունը բնակիչներին դրդել է ապօրինի լարանցումներ կատարել և մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող ժամանակավոր գծերով էլեկտրաէներգիա ստանալ, ինչի դիմաց ստիպված են վճարել ամսական գրեթե 40 հազար դրամ, քանի որ բնակիչների մեծ մասը 3,5 տարի շարունակ հաշվիչ չունի և 3-ից 4-ական տներով սպառում են հաշվիչ ունեցող հարևանի հոսանքը:

Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց կողմից սույն գործով վարույթ բացելուց սկսելուց հետո «ՀԷՑ»-ը սկսել է ակտիվ աշխատանք իրականացնել՝ խախտումը վերացնելու ուղղությամբ:

Հանձնաժողովը որոշում կայացնելիս հաշվի է առել, որ սպառողների իրավունքները լիովին վերականգնված են և ընկերության վերաբերյալ առաջին անգամ է վարույթ հարուցում, ու վերանայել է առաջարկվող պատասխանատվության միջոցը, այն է՝ 20 միլիոն դրամ տուգանքը: Որոշում է կայացվել «ՀԷՑ»-ին տալ խիստ նախազգուշացում՝ միաժամանակ հանձնարարելով հետագայում բացառել նման խախտումները:

Tekali Taxi