Գլխավոր / Հայաստան / Կզարմանայինք, եթե Փաշինյանն ընտրություններում հաղթեր, խոստովանել է ԱՄՆ փոխդեսպանը

Կզարմանայինք, եթե Փաշինյանն ընտրություններում հաղթեր, խոստովանել է ԱՄՆ փոխդեսպանը

ԱՄՆ դեսպանատունը 2010 թվականի հունվարի 10-ին Երևանի Կենտրոն համայնքում կայացած ընտրությունների ընթացքում խախտումներ է արձանագրել:

Այս մասին նշում է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը Պետդեպ ուղարկված փաստաթղթում, որը գաղտնազերծել է WikiLeaks կայքը:

Հիշեցնենք, որ այդ օրը պատգամավորի մանդատի համար պայքարում էին քաղբանտարկյալ, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը և իշխանամետ «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արա Սիմոնյանը:

«Դեսպանատան դիտորդները համատարած ահաբեկում և ցածր մասշտաբների բռնություններ են նկատել, ինչպես նաև դեպքեր, երբ ընտրական հանձնաժողովից դուրս գտնվող անհատները ուղղորդել են ընտրության ընթացքը: Թեև քվեաթերթիկների ուղղակիորեն լցոնում չենք նկատել, սակայն դեսպանատան աշխատակիցները եղել են մի տեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահը բացեիբաց ընտրակեղծիքներ է իրականացրել: Լրագրողներին, տեղի դիտորդներին և վստահված անձանց տեղամասերից բռնի ուժով դուրս բերելու կամ ընտրությունների մոնիթորինգին խոչընդոտելու մասին բազմաթիվ վկայություններ կան: Խղճուկ 24 տոկոս մասնակցությամբ նշանավորված ընտրություններում անհայտ իշխանամետ թեկնածու Արա Սիմոնյանը, հավաքեց ձայների մոտ 58 տոկոսը`առաջ անցնելով շատ ավելի հայտնի Փաշինյանից, ով ստացավ քվեների 39 տոկոսը: Մարքսիստական կուսակցության խենթ առաջնորդ Դավիթ Հակոբյանը ընդամենը 2,6 տոկոս է հավաքել», – գրել է Փենինգթոնը:

Հունվարի 11-ին վաղ առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը զանգահարել է դեսպանատուն պարզելու համար ԱՄՆ ներկայացուցիչների արձագանքը ընտրության վերաբերյալ:

 

Փաստաթղթում նշվում է, որ Ազարյանը սկսել է բողոքել. «Ես տեղյակ եմ բոլոր խնդիրներից, սակայն չեմ կարող կառավարել այն, ինչ տեղի է ունենում ընտրության օրը: Ես տեսնում եմ խնդիրը, բայց չեմ կարող լուծել այն»:

Փենինգթոնը գրում է, որ Ազարյանը նաև մտահոգված  էր այն հանգամանքով, որ ընտրատեղամասերի հանձնաժողովի անդամները չեն լսում իրեն:

ԱՄՆ դեսպանատունն իր բողոքն է ներկայացրել լրատվամիջոցների, դիտորդների և վստահված անձանց վերաբերյալ, որոնք հեռացվել էին ընտրատեղամասերից կամ խոչընդոտվել էր նրանց աշխատանքը անհայտ անձանց կողմից:

«ԶԼՄ-ների ներկայացուցիչները շատ սադրիչ գործողություններ են իրականացնում», -պատասխանել է Ազարյանը:

«Հաշվի առնելով 2008 թվականի վիճելի նախագահական ընտրությունների պահպանվող ազդեցությունը և իշխանությունենրի շարունակական ճնշումները ընդդիմության նկատմամբ, մենք կզարմանայինք, եթե Փաշինյանը որևէ ընտրությունում հաղթանակ տաներ: Աղգային ժողովրդավարական ինստիտուտի նախկին աշխատակիցն ասել է մեզ, որ «հայկական քաղաքականությունը լցված է բազմաթիվ օրինակներով այն մասին, թե ինչպես են քաղաքական կապերի շնորհիվ կոռումպացված ոչնչությունները հաղթում ազնիվ, շատ հայտնի քաղաքական գործիչների»», – գրում է ԱՄՆ փոխդեսպանը:

Փենինգթոնն իր մեկնաբանության մեջ ավելացնում է, որ թեև ընտրությունները շատ տուժեցին մասնակցության ցածր մակարդակից, այդուհանդերձ, սա շատ լավ հնարավորություն կարող էր ծառայել Հայաստանի իշխանությունների համար` ցույց տալու ընտրական գործընթացքում գրանցած առաջընթացը:

«Ազատ և անկախ ընտրություններ անցկացնելու մասին իշխանություններին ուղղված մեր նախընտրական հորդորները նրանց մի ականջով մտավ, մյուսով դուրս եկավ: Այստեղ որոշ սովորույթներ իրոք դժվար են մեռնում և դժբախտաբար ընտրակեղծիքները դրանցից մեկն են», – գրում է ամերիկացի դիվանագետը:

Tekali Taxi