Գլխավոր / Հայաստան / Հայկ Մկրտչյանի ծնողները դեռ չգիտեն, որ իրենց որդին զոհվել է

Հայկ Մկրտչյանի ծնողները դեռ չգիտեն, որ իրենց որդին զոհվել է

Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում բոլորը սգում են այսօր առավոտյան Ասկերանի մարտական հենակետերից մեկում սպանված 19-ամյա Հայկ Մկրտչյանի մահը՝ բացի նրա ընտանիքի անդամներից: Նրանք մինչ այժմ չգիտեն, որ իրենց որդին զոհվել է:

Ինչպես գրում է hetq.am-ը, ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանը առավոտյան զինկոմիսարիատից ստացած զանգով տեղեկացել է դեպքի մասին, սակայն հարազատներին չի կարողացել ասել, որ նրանց որդին մահացել է: Ստիպված ասել է, թե Հայկը ծանր հրազենային վնասվածք է ստացել, և վիճակը լուրջ է: Կատարվածի մասին գիտի միայն Հայկի եղբայրը՝ Ռուբենը:

Հայկի հայրը՝ Վասիլը, և հորեղբայրները Հայաստանում չեն: Արդեն մեկ տարի է` արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան: Նրանք էլ գիտեն, թե Հայկը ծանր վիրավոր է, և այսօր երեկոյան վերադառնալու են Հայաստան: Գյուղացիներն ու բարեկամները պատրաստվում են օդանավակայանում հայտնել կատարվածի մասին:

 

Hetq.am-ի հետ զրույցում գյուղապետարանի աշխատակիցները և զոհվածի հարևաններն ասում էին, թե իրենց լեզուն չի պտտվում, որ մորն ու քույրերին հայտնեն այդ մասին: Իսկ Էջմիածնի զինկոմիսարիատից այդպես էլ որևէ մեկը չի բարեհաճել գալ և անձամբ հայտնել կատարվածի մասին:

«Լայաղ չեն անում գան հարազատների հետ խոսեն: Գոնե գան ասեն՝ ներողություն, ձեր առողջ, խելոք երեխուն բանակ ենք տարել ու հիմա դիակն ենք բերում: Ի՞նչ էր եղել իրան, խելոք տղա էր»,- զայրացած ասում էր ամբերդցիներից մեկը, ով կոչ էր անում համագյուղացիներին հավաքվել և գնալ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի:

Համագյուղացիներն այս պահին չեն գնում զոհված զինծառայողի տուն, քանի որ մայրը՝ Երանուհին, դեռ հույս ունի, որ որդին կբուժվի և ոտքի կկանգնի: Նա անընդհատ գոռում էր, թե իրենց տուն «զուլում է եկել»:

«Հիմա տղես զինվորի շորերով, արյան մեջ, ո՞ր հիվանդանոցում է պառկած»,- բղավում էր Հայկի մայրը:

Եղբոր պատմելով՝ Հայկը հանգիստ բնավորություն ուներ և առանց պատճառի որևէ մեկին չէր նեղացնի: «Օգոստոսի 14-ին եմ Հայկի մոտ եղել: Իրեն լավ էր զգում, շատ ուրախ էր: Ոչ մի անգամ չի ասել, որ զորամասում խնդիրներ ունի: Հեռախոսով էլ ենք շուտ-շուտ խոսել, ոչ մի անգամ չի դժգոհել»,- ասել է Ռուբենը:

Հարևաններից մեկն էլ պատմեց, թե երեկ՝ ուշ ժամի, Հայկը զանգել է տուն և մոր հետ խոսել: Ասել է, թե առավոտյան դիրքեր է գնալու և ցանկանում է Ռուսաստանում գտնվող հոր հետ խոսել:

Հայկը գլխի վրա սպի է ունեցել: Բժիշկները կասկածել են, թե նա առողջական խնդիրներ ունի (հոգեկան շեղումներ), և հետաձգել են բանակ տանելը: Նրան պետք է բանակ տանեին 2010թ. նոյեմբերի 11-ին, սակայն կրկնակի բուժզննում անցնելուց հետո բանակ են տարել դեկտեմբերի 11-ին:

«Որ բանակ չտանելու մասին խոսք եղավ, Հայկն ասում էր, թե ուզում է գնա բանակ ու անձամբ է գնալու զինկոմի հետ խոսա, որ իրեն տանեն»,- պատմել է Ռուբենը: Ըստ նրա՝ Հայկը որոշել էր բանակից հետո գնալ Ռուսաստան, մի քիչ գումար աշխատել, որ իրեն ավտոմեքենա գներ:

Մկրտչյանների ընտանիքն ապրում է միջինից վատ պայմաններում: Գյուղապետարանից ասացին, որ նրանք նույնիսկ հող մշակելու գումար չունեն, և ընտանիքի բոլոր անդամներով օրավարձով բանվորություն են անում, որ կարողանան ապրել: Հայրն էլ Ռուսաստան է գնացել, որ վարկերն ու պարտքերը մարի:

Լուսանկարը` hetq.am-ի

Tekali Taxi