Գլխավոր / Հայաստան / Փառահեղ հաղթանակ Հայաստանի կատարմամբ. բայց կարևորը խաղացած ֆուտբոլն է

Փառահեղ հաղթանակ Հայաստանի կատարմամբ. բայց կարևորը խաղացած ֆուտբոլն է

Դարպասապահ Յան Մուխան Եվրո-2012-ի ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան  խաղի ավելացված րոպեին ձեռքով փորձեց բռնել Արթուր Սարկիսովի պարանոցը:

Փոխարինման դուրս եկած Հայաստանի հավաքականի հարձակվողը ուշադրություն չդարձրեց Մուխայի վրա ու վազեց խաղընկերների մոտ շնորհավորելու և շնորհավորանքներ ընդունելու:

Շնորհավորելու առիթ, իրոք, կար. Հայաստանի ընտրանին իր պատմության ընթացքում ամենափառահեղ հաղթանակը տարավ 4:0 հաշվով: Իսկ Մուխայի շարժումը պարտվածի, հուսահատության շարժում էր:

Հայաստանի համար եզրափակիչի արժեք ունեցող հանդիպման առաջին խաղակեսը բավական նյարդային ստացվեց: Մեր թիմը պարտվելու իրավունք չուներ, իսկ մրցակիցը փորձում էր վրեժխնդիր լինել 1:3 հաշվով երևանյան պարտության համար:

Առաջին կեսում սլովակներն աննշան առավելություն ունեին. մեկ-երկու դրվագում փոքր-ինչ անհաջող գործեծ Ռոման Բերեզովսկին, ինչն ավելորդ նյարդայնության առիթ դարձավ: Սակայն վետերան դարպասապահն արագ հավաքվեց, ֆուտբոլիստները նույնպես սկսեցին վստահ գործել: Հայաստանի ընտրանին մրցակցի դարպասի մոտ մի քանի անգամ լարվածություն ստեղծեց, որը երկրորդ խաղակեսում վերածվեց կատարյալ առավելության:

Հայաստանցիները սկսեցին հստակ խաղարկել գնդակը, մեծ ուժերով գրոհել և արդեն 57-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Մովսիսյանը գնդակ ստացավ տուգանային հրապարակում և գրավեց Մուխայի դարպասի անկյունը: Դրանից հետո եղավ հյուրերի համար ամենածանր պահը, երբ Հոլոշկոյի հարվածից հետո Բերեզովսկին թուլացրեց գնդակի արագությունը, իսկ Հովսեփյանը դուրս բերեց այն դարպասային գծից:

Այդ դրվագից հետո Հայաստանի հավաքականը կրկին իր ձեռքը վերցրեց խաղը՝ շարունակելով գրոհել: Մրցակցի մոտ ոչինչ չէր ստացվում շնորհիվ հայաստանցիների խաղի: 70-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կենտրոնով միայնակ առաջ շարժվեց և մոտ 20 մետրից հարված կատարեց. Մուխան միայն հայացքով ճանապարհեց դեպի անկյուն ընթացող գնդակը: 10 րոպե անց Մխիթարյանը հիանալի շրջանցեց պաշտպանին, ներխուժեց տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց Ղազարյանին, ով գրավեց անպաշտպան դարպասը: Եվս 10 րոպե անց Մխիթարյանը կրկին մտավ տուգանային և գնդակ փափուկ կախեց Մուխայի վրայով: Դարպասաձողից հետ եկած գնդակին գլխով հարվածեց Սարկիսովը:

Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ իր պատմության ընթացքում մեկ խաղում 4 գնդակ խփեց և առաջին անգամ դա արեց մրցակցի հարկի տակ: Մեր թիմն արդեն մեկ փուլի ընթացքում ռեկորդային 14 միավոր է վաստակել և 17 գնդակ խփել ու հույսեր է պահպանում Եվրո-2012-ի եզրափակիչ ուղեգիր նվաճելու համար: Բայց դա կարևոր չէ: Կարևորն այն խաղն է, որն այսօր երջանկացրեց հայաստանցի երկրպագուներին: Կարող ենք պարզապես փաստել՝  սա ֆուտբոլ է:

Tekali Taxi