Գլխավոր / Հայաստան / Ալիևը դժգոհ է, որ Արևմուտքն իրեն բռնապետ է համարում. WikiLeaks

Ալիևը դժգոհ է, որ Արևմուտքն իրեն բռնապետ է համարում. WikiLeaks

Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթում, որն ուղարկվել է ԱՄՆ Պետդեպ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էն Դերսիի կողմից, խոսվում է Ադրբեջանում 2007 թվականին ձերբակալված լրագրողների մասին:

Դերսին հերթական անգամ միջազգային հանրության մտահոգությունն է հայտնել ձերբակալված լրագրողների և նրանց նկատմամբ իրագործված բռնության չհետաքննված փաստերի վերաբերյալ: Այս ամենին Իլհամ Ալիևը բավական միանշանակ պատասխան է տվել` հասկացնելով, որ «չի ընկրկի միջազգային հանրության ճնշումներից»: Միաժամանակ նա բացահայտորեն ակնարկել է, որ առատաձեռն կլինի, եթե լրագրողները ուղիղ կերպով իրենից ներում խնդրեն:

 

Այնուհետև Ալիևն ասել է, որ լրագրողներին բանտում պահելը վատ է երկրի իմիջի համար, և նա կցանկանար ազատել նրանց: «Հարցը նրանում է, թե ինչ պայմաններով»,-Ալիևի խոսքերն է մեջբերում Դերսին:

Իլհամ Ալիևը պնդում էր, որ ԶԼՄ-ների նկատմամբ այս հարձակումները ոչ մի կերպ կապված չեն 2008 թվականի ընտրությունների հետ:

«Ես հակառակորդներ չունեմ ոչ ընդդիմության , ոչ էլ իմ համակիրների շրջանում: Այդ իսկ պատճառով ես հաղթանակ կտանեմ առանց որևէ խնդրի: Այսպիսի իրավիճակում ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու իմաստը ո՞րն է»,- ասել է Ալիևը:

Նա նաև խոստովանել է, որ չէր ցանկանա լրագրողներին ճաղերի հետևում տեսնել, սակայն  նրանք, ովքեր նրանց դեմ հայցեր էին ներկայացնում, «օրենքի շրջանակներում են գործել և ես նրանց չեմ կանգնեցրել»: Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ ձերբակալված 7 լրագրողներ աջակցություն են խնդրում ԱՄՆ-ից, ԵԱՀԿ-ից և Եվրախորհրդից, սակայն ներում չեն խնդրում նախագահից:

«Սա Ադրբեջանն է, այլ ոչ թե Եվրոպան: Նրանք պետք է ինձ խնդրեն», – հայտարարել է նա: Դեսպանի այն դիտարկմանը,  թե նման պարագայում նրանք կընդունեն, որ մեղավոր են, Ալիևը պատասխանել է. «Լրագրողները կամ պետք է ընդունեն իրենց մեղքը, կամ շարունակեն բանտում մնալ»:

Իրավիճակից ելք գտնելու վերաբերյալ դեսպանի համառ առաջարկներին Ալիևը դժկամությամբ պատասխանել է. «Դե, եկեք լուծենք դա: Ես ուզում եմ, որպեսզի նրանք ազատ արձակվեն, հարցը նրանում է, թե ինչ գնով»:

Այնուհետև Ալիևը սկսել է մեղադրել Արևմուտքին երկակի ստանդարտների և իր հանդեպ ոչ օբյեկտիվ վերաբերմունքի մեջ:

«Վրաստանում ընդդիմություն չկա, հեռուստաալիքները օլիգարխներին են պատկանում, ընդդիմադիր առաջնորդները կալանավորված են, սակայն նրանց ժողովրդավար են համարում», – ասել է նա:

Հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Դերսին գրում է, որ Իլհամ Ալիևը ակնհայտորեն նյարդայնացած էր ԶԼՄ-ների ազատության հարցի պատճառով:

«Նա մի քանի անգամ ասել է, որ ինքն ինչ անում է` Արևմուտքն իրեն բռնապետ է համարում:  Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա դատապարտված լրագրողների խնդրի լուծման ճանապարհներ է փնտրում, բայց այնպես, որպեսզի պահպանի իր հեղինակությունը և որպեսզի այն չդիտարկվի որպես միջազգային հանրության ճնշմանը տակ իրագործված զիջում», – գրում է Դերսին:

Tekali Taxi