Գլխավոր / Հայաստան / Հայաստանի հավաքականը շանսեր ունի դառնալ Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն, հեգնել է Ուտկինը

Հայաստանի հավաքականը շանսեր ունի դառնալ Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն, հեգնել է Ուտկինը

Մի բան է` կոնկրետ հաղթանակ, բոլորովին այլ բան` թիմի խաղամակարդակը: Նրան, որ Հայաստանի հավաքականն իր այս աննախադեպ մակարդակի վրա կարող է ևս 3 հանդիպում անցկացնել, կարելի է հավատալ միայն կրոնական կամ միստիկ առումով: Այս մասին sports.ru կայքի իր օնլայն կոնֆերանսում գրել է մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը` պատասխանելով հայ երկրպագուի հարցին` ինչպես ինքը կարող է պնդել, որ Հայաստանը Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու շանսեր չունի:

«Ես չեմ ասել` «շանսեր չկան»: Մաթեմատիկական առումով շանսեր կան: Հայաստանի հավաքականը, օրինակ, շանսեր ունի դառնալ Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն: Մենք դա հիմա քննարկելո՞ւ ենք», – ասել է Ուտկինը:

Մարզական վերլուծաբան Կոնստանտին Գենիչը, իր հերթին, հայտարարել է, որ կհամաձայներ Ուտկինի հետ, եթե չլիներ վերջին հաղթանակը:

«Եթե չլիներ Սլովակիայի նկատմամբ հաղթանակը, ես Վասյայի կարծիքի հետ, գուցե, համաձայնեի, բայց հիմա ամեն ինչ հայերի ձեռքում է: Նրանք հնարավորություն ունեն փլեյ-օֆֆ փուլում հաղթելու միջոցով դուրս գալ: Առաջին տեղով հաստատ դուրս չեն գա», – գրել է Գենիչը:

Հիշեցնենք, որ Սլովակիա-Հայաստան խաղից առաջ Ուտկինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ դժվար է պատկերացնում, որ Հայաստանը կարողանա միավոր կորզել սլոակների հետ խաղում:

«Եթե նման բան պատահի, դա հաջողություն կլինի, մեր հաջողությունը, ոչ հայերի: Հաջողությունը նաև մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի մեջ է, որովհետև Հայաստանի հավաքականն այժմ Իռլանդիայից և Սլովակիայից հետ է մնում ընդամենը 3 միավորով, և այս կերպ, թվում է թե, կարող է երկրորդ տեղի հավակնել: Կարծում եմ, որ, իհարկե, 2-րդ տեղն այն չի զբաղեցնի, սակայն այժմ գտնվում է այդ բավական բարենպաստ պատրանքի մեջ»,- մասնավորապես, ասել էր Ուտկինը:

Tekali Taxi