Գլխավոր / Հայաստան / Հեղափոխության կամ ապստամբության փոխարեն` գերմոբիլիզացիա. Տեր-Պետրոսյան

Հեղափոխության կամ ապստամբության փոխարեն` գերմոբիլիզացիա. Տեր-Պետրոսյան

Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքի սկզբին ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համառոտ խոսել է օգոստոսի 9-ին Կոնգրես–իշխանություն բանակցությունների շրջանակում ՀԱԿ-ի կողմից ներկայացված «Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման և լեգիտիմ իշխանության ձևավորման անհրաժեշտության հիմնավորում» վերնագիրը կրող ընդարձակ փաստաթուղթը:

Նա նշել է, որ տվյալ փաստաթուղթը մեղադրական եզրակացություն է հիշեցնում, որում համակողմանիորեն ներկայացված են ՀՀ Նախագահի և Ազգային Ժողովի օրինակարգության (լեգիտիմության) բացակայության բոլոր հիմքերը:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով` 2008 թ. նախագահական ընտրությունների օրինականությունը լուրջ կասկածի տակ դնող մի նորահայտ փաստ էլ տեղ է գտել Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերից մեկում՝ Ջոզեֆ Փենինգտոնի 2008թ. մարտի 7-ով թվագրված զեկուցագրում։

«Դրանում Փենինգտոնը ԱՄՆ պետքարտուղարությանն իրազեկում է, որ դեսպանատան աշխատակիցները մարտի 3-ին մասնակցել են ԵԱՀԿ հետընտրական աշխատանքային խմբի հանդիպմանը, որը կազմակերպել էր ԵԱՀԿ առաքելության ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչը։ Հանդիպման մասնակիցների մեծամասնությունը դժգոհություն է հայտնել փետրվարի 19-ի ընտրությունները ԺՀՄԻԳ-ի առաքելության կողմից «ընդհանուր առմամբ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող» գնահատելու առթիվ։ Ըստ Փենինգտոնի՝ տեղեկություն կա, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հակված է եղել ընտրությունները որակել որպես «Ժողովրդավարական չափանիշներին մասնակի համապատասխանող», սակայն ԵԱՀԿ և ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ճնշման տակ, ի վերջո որոշել է դրական գնահատական տալ հայաստանյան ընտրություններին։ Իսկ ըստ Բոյանիչի՝ տրված գնահատականը ԵԱՀԿ անդամ որոշ երկրների միջև ձեռքբերված կոնսենսուսի արդյունք է եղել։ Ամենաուշագրավն ու կարևորն այս փաստաթղթում իմ կողմից ընդգծված վերջին երկու նախադասությունների պարունակած տեղեկություններն են, որոնց համաձայն՝ ԺՀՄԻԳ-ի առաքելությունը փետրվարի 19-ի ընտրություններին գնահատական է տվել ԵԱՀԿ և ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ճնշման տակ և ԵԱՀԿ անդամ որոշ երկրների միջեւ ձեռքբերված կոնսենսուսի արդյունքում։ Սա նշանակում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը փաստորեն չի կատարել իր բուն պարտականությունը և, անկախ գնահատական տալու փոխարեն, ենթարկվել է ԵԱՀԿ անդամ երկրների կառավարությունների կայացրած քաղաքական որոշմանը։ Այս իրողության մի այլ ապացույց անձամբ ինձ փոխանցել է ԺՀՄԻԳ-ի առաքելության ֆրանսիացի անդամներից մեկը։ Վերջինիս վկայությամբ՝ 2008թ. փետրվարի 19-ի՝ լույս 20-ի գիշերը կայացած ԺՀՄԻԳ-ի առաքելության նիստի ընթացքում Գերդ Արենսը մի քանի անգամ զանգահարել է իր վերադաս կազմակերպության ղեկավարներին եւ նրանց հետ համաձայնեցրել նախնական զեկույցի ձեւակերպումները։ Այս ամենը լիովին ապացուցում է բազմիցս կրկնված մեր այն պնդումը, որ անցած նախագահական ընտրությունների օրինականությունն ու արդյունքները գնահատելիս, Արևմուտքը բացահայտորեն առաջնորդվել է աշխարհաքաղաքական նկատառումներով։ Եվ այսպիսի բարոյականության տեր մարդիկ են, ահա, որ իրենց բարձրագույն դիրքից մեզ պիտի ժողովրդավարություն և օրինապահություն սովորեցնեն», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Անդրադառնալով ՀՀ Ազգային Ժողովի օրինակարգության խնդրին` նա նշել է «Սահմանադրության խախտման մի արտառոց երևույթ, որը, սիստեմատիկ բնույթ կրելով, պարզապես խարխլում է Ազգային Ժողովի՝ որպես պետության օրենսդիր մարմնի բացառիկ իրավազորության հիմքերը և անիմաստ դարձնում նրա գոյությունը»։

«Ինչպես պարզվում է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության օգոստոսի 9-ին հրապարակված փաստաթղթից, Ազգային Ժողովի 131 պատգամավորներից 76-ը զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, այն պարագայում, երբ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը խստիվ սահմանում է, որ «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»», – ասել է Տեր-Պետրոսյանը:

Մեջբերելով Կոնգրեսի ներկայացված փաստաթուղթը` Տեր-Պետրոսյանը նշել է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 76 պատգամավորների առկայության պատճառով Ազգային Ժողովը վերածվել է մի լոբբիստական կոռուպցիոն կառույցի, այսինքն՝ անհատ օլիգարխների, խոշոր բիզնեսի, տնտեսական կլանների ու մոնոպոլիստների շահերի սպասարկմանը ծառայող կազմակերպության:

Նա նաև նշել է, որ Հայաստանում խախտված է դատական համակարգի անկախության սկզբունքը:

«Սահմանադրական կարգի վերականգնման հարցը մենք փորձեցինք լուծել իշխանությունների հետ ձեռնարկված քաղաքակիրթ երկխոսության ճանապարհով, որը, սակայն, ինչպես ձեզ հայտնի է, ժամանակավորապես առկախված է Հայ Ազգային Կոնգրեսի դեմ անցյալ ամսին սանձազերծված ոստիկանական հալածանքների նոր ալիքի և մեկ քաղբանտարկյալի առկայության պատճառով։ Երկխոսության և քաղբանտարկյալների առկայության անհամատեղելիությունը մեզ համար, իսկ ինչպես վերջերս պարզվեց, նաեւ նախագահ Օբամայի համար, սկզբունքի հարց է, որից մենք երբեք չենք կարող հրաժարվել։ Եթե իշխանությունները շուտափույթ կերպով չլուծեն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ապա մենք ստիպված ենք լինելու մտածել, որ նրանք հատուկ են կազմակերպել ոստիկանության և Կոնգրեսի երիտասարդության միջև տեղի ունեցած միջադեպը, կամ առնվազն օգտագործել այդ պատրվակը՝ երկխոսությունը վիժեցնելու համար, դժգոհ լինելով վերջինիս ընթացքից։ Մոտակա օրերին Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին։ Հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով, մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով։ Այլ լեզու ասելով, ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ, այլ հանրահավաքների հաճախակիացման և ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում», – ասել է Տեր-Պետրոսյանը։

ՀՀ առաջին նախագահի խոսքով` Կոնգրեսի համար ի սկզբանե ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետև այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից։

«Հետևաբար, երկխոսության առկախումը, կամ նույնիսկ նրա վերջնական դադարեցումը, մեր ծրագրերը չի փոխում, և մեր նպատակը մնում է նույնը, այն է՝ անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումը և ավազակապետության ամբողջական կազմաքանդումը։ Մենք առաջնորդվում ենք ոչ թե կենաց-մահու պայքարի խելահեղ գաղափարով կամ «մահ կամ ազատություն» անպատասխանատու կարգախոսով, այլ ժողովրդի ու պետության առջև մեր պարտքը մինչև վերջ կատարելու և մեր նպատակին հասնելու բոլոր օրինական հնարավորություններն օգտագործելու սառը գիտակցությամբ։ Եթե մնացյալ մտահոգ քաղաքական ուժերը ևս, երկրորդական խնդիրները մի կողմ թողած, առաջնորդվեին այս գիտակցությամբ, մենք վաղուց կունենայինք բոլորովին այլ երկիր։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին», – իր խոսքը եզրափակել է Տեր-Պետրոսյանը։

Tekali Taxi