Գլխավոր / Հայաստան / Հայերի օգնությամբ Թուրքիայից վրեժ լուծելու գաղափարն աջակցություն է գտել Քնեսեթում

Հայերի օգնությամբ Թուրքիայից վրեժ լուծելու գաղափարն աջակցություն է գտել Քնեսեթում

Հայերին և քրդերին օգնություն ցուցաբերելով` Անկարայից վրեժ լուծելու գաղափարը հավանության է արժանացել Քնեսեթում: Խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեև Էլկինը կիսում է Թուրքիայի նկատմամբ պատասխան գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության գաղափարը: Նշենք, որ անցյալ շաբաթ Թուրքիան երկրից հեռացրեց իսրայելցի դիվանագետներին և հայտարարեց Իսրայելի հետ ռազմական ոլորտում առևտրային կապերի վերացման մասին:

«Այս հակամարտության դեռ սկզբում ես հայտարարեցի, որ մենք պետք է երկու ուղղություններով աշխատենք` քրդական և հայկական: Եվ պետք է հասկանալ, որ որևէ «վրեժի» մասին խոսք գնալ չի կարող; Ամեն ինչ շատ պարզ է. մենք տարիներով պաշտպանում էինք մեր մերձավոր դաշնակից հանդիսացող Թուրքիայի դիրքորոշումը  ԱՄՆ-ում հայերի Ցեղասպանության չճանաչման հարցում: Մենք նրանց շահերն էինք պաշտպանում Աներիկայում և Եվրոպայում: Դրանով ուղղակիորեն զբաղված էր նախկին նախագահ Շիմոն Պերեսը: Թուրքերի հետ բարեկամության համար մենք դադարեցրեցինք քրդերի հետ սերտ կապերը: Բայց այժմ ամեն ինչ փոխվել է, այժմ մենք բարեկամներ չենք, ի դեպ` Թուրքիայի նախաձեռնությամբ: Իրավիճակն արմատապես փոխվել է, հետևաբար մեր դիրքորոշումներն այս հարցերում նույնպես պետք է փոխվեն: Սա վրեժ չէ, սա նորմալ քաղաքականություն է»,- IzRus –ի հետ զրույցում հայտարարել է Էլկինը:

Իր հերթին, տրանսպորտի նախկին նախարար և պաշտպանության նախկին փոխնախարար Էֆրայիմ Սնեն, ով Իսրայելի պաշտոնատար անձանցից առաջիններից է Բաքու այցելել 1993 թվականին, հայտարարել է. «Իսրայելի ԱԳ նախարարը շատ լավ հասկանում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը խիստ կփչացնի, և ես չեմ ուզում ավելի խիստ արտահայտություններ օգտագործել, մեր հարաբերությունները Բաքվի հետ»:

Նրա խոսքով` անգամ Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման դեպքում, Երևանն իր բարեկամական հարաբերությունները չի դադարեցնի Թեհրանի հետ: «Խելացի մարդը մեր և Անկարայի միջև բռնկված կրակին յուղ չի լցնի: Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ, այդ թվում` դիվանագիտական»,- հայտարարել է նա:

Միևնույն ժամանակ, նախկին նախարարը կարծիք է հայտնել, որ Էլկինը և Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու գաղափարին աջակցող Քնեսեթի այլ պատգամավորներ դա անում են «միայն քաղաքական շահի համար»: