Գլխավոր / Հայաստան / «Ամեն ինչ, բացի էրոտիկայից». «Նաիրի» կինոթատրոնը կրկին բացում է իր դռները

«Ամեն ինչ, բացի էրոտիկայից». «Նաիրի» կինոթատրոնը կրկին բացում է իր դռները

2011 թվականի ապրիլին փակված «Նաիրի» կինոթատրոնը կվերսկսի իր աշխատանքները հոկտեմբերի 1-ին: Կինոթատրոնը «փրկելու» է շտապել Հայաստանի Ազգային կինոկենտրոնը` վարձակալելով շենքի սրահները, այս մասին Yerevan.ru-ին հայտնել է կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Նրա խոսքով` վարձակալության մասին գործարքը գրեթե կայացել է, սակայն բանակցությունների ընթացքում որոշ ֆինանսական խնդիրներ են առաջ եկել: Կինոկենտրոնի հաշվարկներով` կինոսրահների օգտագործման համար 3,5 մլն դրամ է անհրաժեշտ: Բացի վարձակալության վճարից, որը կազմում է 1,5  միլիոն դրամ, ևս 1,5-1,8 միլիոն դրամ է անհրաժեշտ կինոթատրոնի սրահներում ջերմություն ապահովելու համար: Վարձակալության վճարը, հավանաբար, 3 սուբյեկտների կողմից կտրամադրվի: 500 հազարական դրամ են խոստացել Orange օպերատորը, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը:

Նախարարությունը կօգնի կինոթատրոնին այն պայմանով, որ վերջինս  N թվով  աշակերտների անվճար կինոդիտման հնարավորություն ընձեռի: Ի դեպ, նրանց համար հատուկ գիտակրթական կինոծրագիր է նախապատրաստվել: Բանակցություններ են ընթանում նաև «Ցենտրալ Փարթներշիփ» կինոկենտրոնի հետ, որը պատրաստ է համագործակցության իր ֆիլմերի` օրական երեք անգամ ցուցադրության նախապայմանով:

Բացի մանկական և կրթական ֆիլմերից, կինոկենտրոնը նախատեսում է նաև համաշխարհային կինոարտադրության վարպետների գործերի, կինոփառատոնների դափնեկիր ֆիլմերի ցուցադրություն իրականացնել. Արտասահմանյան ֆիլմերի օրեր անցկացնել: Ազգային կինոթատրոնում կցուցադրվեն նաև տարբեր տարիների խորհրդային ֆիլմեր: «Մի խոսքով` մեզ մոտ ամեն ինչ կլինի, բացի էրոտիկայից»,-կատակելով խոստացել է Գևորգ Գևորգյանը:

Նա հերքել է նաև լուրերն այն մասին, որ շենքի սեփականատերը փոխվել է: Նրա խոսքով` կինոթատրոնի սեփականատերն է մնում «Ուլիս» ՓԲԸ-ն:

Tekali Taxi