Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջադեպը ծրագրված է եղել, պնդում է ոստիկանապետը

ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջադեպը ծրագրված է եղել, պնդում է ոստիկանապետը

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպը նախապես ծրագրված է եղել:

«Ես չեմ վախենում ոչ մեկից ու հայտարարում եմ, այո, էնտեղ մի 30-40 հոգի մարդ ա եղել, մի քանիսը մոտեցել են, սադրել են, մնացածն էլ մի տեղ հավաքված են եղել ու մոտեցել են»,- հայտարարել է ոստիկանապետը:

Ըստ նրա` անազատության մեջ գտնվող միակ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պատճառով ընդդիմություն-իշխանություն երկխոսության առկախումը «հերթական քաղաքական շահարկումներից է»:

«Ես արդեն հոգնել եմ էս մասին խոսելուց, Առաքելյանի խափանման միջոց փոխողը ես չեմ, էն նախկիններինն էլ, որ փոխել են, ինձ առանձնապես չեն էլ հարցրել: Սովորական քաղաքական շահարկումների նոր ալիք ա սկսել` Տիգրան Առաքելյանի հետ կապված: Նա սովորական հանցագործություն ա կատարել, սովորական հանցագործության համար պիտի պատասխան տա, որը որևիցե քաղաքական մոտիվ իր մեջ չի կրում»,- հայտարարել է նա:

Սարգսյանը հավելել է, որ ոստիկանական բաժանմունքում երիտասարդների նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել:

«Նրանք ազատ գործել և ստեղծագործել են բաժնում, կան նկարներ ինտերնետում, հանեք նայեք: Նրանց մատով անգամ չեն կպել», – ասել է ոստիկանապետը:

Նրա խոսքով`  ոչ ոք չի կարող ոստիկանների վրա հարձակվել. «Ոչ մեկ իրավունք չունի էս երկրում ոստիկան ծեծել, ով ծեծեց, հերն անիծելու եմ»:

Հիշեցնենք, որ Առաքելյանը Կոնգրեսի 6 ակտիվիստների հետ միասին բերման է ենթարկվել այս տարվա օգոստոսի 9-ին` Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ էր մնացել միայն Առաքելյանը: Նրան և Արտակ Կարապետյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Սարգիս, Արեգ, Վահագն Գևորգյանները, Սահակ Մուրադյանը և Դավիթ Քիրամիջյանը` խուլիգանության մեջ:

Tekali Taxi