Գլխավոր / Հայաստան / Սերժ Սարգսյան. «Հաջորդ քսան տարիներին ի զորու ենք կառուցել մեր իդեալներին մոտ երկիր»

Սերժ Սարգսյան. «Հաջորդ քսան տարիներին ի զորու ենք կառուցել մեր իդեալներին մոտ երկիր»

«20 տարի առաջ այս օրը անկախության հանրաքվեի բազմաթիվ մասնակիցներ իրենց քվեաթերթիկը քվեատուփի մեջ էին գցում երեխաների` իրենց զավակների ու թոռների ձեռքով: Այդ երեխաները, որ այսօր արդեն հասուն մարդիկ են, պետք է ժառանգեին երկիր ու ապրեին ազատ ու անկախ Հայաստանում», – այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` ժողովրդի ընտրությունը խորապես գիտակցված էր. «Մենք նաև հասկանում էինք, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններից ոչ մեկը չուներ մեկնարկային այնպիսի անբարենպաստ պայմաններ, ինչպիսիք մերն էին: Երկրի մի մեծ հատված աղետի գոտի էր, և մենք էլ կանգնած էինք պատերազմի շեմին: Բայց մենք քվեաթերթիկները տվեցինք մեր երեխաների ձեռքը և ասացինք. «Այո՛»»:

«Ովքեր 90-ականների սկզբներին չեն եղել Հայաստանում և դիտում են վավերագրական կադրեր, պարզապես չեն հավատում, որ դա եղել է: Նույնիսկ Երևանի փողոցների կադրերը կարծես ուրիշ աշխարհից լինեն: Էլ չեմ խոսում Հայաստանի սահմանների, հրետակոծվող մեր քաղաքների ու Արցախի մասին:

Հայոց պետականության վերականգնումը տոն էր` մեծ երազանքի իրականացում, բայց առաջին հերթին պատասխանատվություն էր: Այլևս մենք էինք պատասխանատու մեր անվտանգության, մեր տնտեսության, մեր մշակույթի, մեր ներկայի ու ապագայի համար:

Կեցցե՛ Հայաստանի ժողովուրդը, որ անցավ հրի ու սրի միջով: Անցավ գալիք Հայաստանի նկատմամբ անսահման հավատով, միասնական կեցվածքով ու պատվախնդիր ջանքով:

Կեցցե՛ ազատ Արցախը, որ նաև իր զավակների արյամբ գրեց մեր նորագույն պատմության ամենափառավոր էջը:

Կեցցե՛ն հայ կամավորները, որոնցից շատերը ճակատագրական պահին դարձան մեր արժանապատվությունն ու ինքնասիրությունը մարմնավորող կոթողներ:

Կեցցե՛ հայոց հաղթական բանակը, որ խաղաղության ու կայունության անփոխարինելի բաղադրիչ է մեր տարածաշրջանում:

Կեցցե՛ն շինարարները, որ կրկին բարձրացրին երկրաշարժից ավերված մեր գյուղերն ու քաղաքները: Կեցցե՛ Հայոց սփյուռքը, որ եթե առաջ Հայրենիքի կողքին էր, ապա այսօր Հայրենիքի ուղղակի շարունակությունն է դառնում:

Հայաստանի քաղաքական կշիռն աշխարհում անհամեմատ ավելին է, քան նրա աշխարհագրական չափերը: Սա առաջին հերթին կազմակերպված ու հայրենանվեր Սփյուռքի արժանիքն է: Կեցցե՛ն աշխարհասփյուռ մեր քույրերն ու եղբայրները:

Այսօր Հայաստանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, կայացած երկիր է: Վկա` այսօրվա զորահանդեսը: Իսկ ամենաթանկը, որ ունենք, անկախության սերունդն է: Սերունդ, որ ազատ երկրի քաղաքացի է և իրեն չի պատկերացնում այլ կարգավիճակում: Սերունդ, որ շատ բան ունի տալու իր երկրին ու ժողովրդին, բայց նաև ունի մտահոգություններ ու պահանջներ: Իսկ դրանք առաջադիմության ամենալուրջ ազդակներն են:

Երկու տասնամյակում մեզ հաջողվեց հսկայական թռիչք արձանագրել, բայց շատ բան դեռ չենք հասցրել անել: Ե՛վ ձեռքբերումները, և՛ բացթողումները մերն են: Այս գիտակցությամբ և հասարակական համերաշխությամբ հաջորդ քսան տարիներին մենք ի զորու ենք կառուցել այնպիսի երկիր, որ մոտ է լինելու մեր իդեալներին: Ես հավատում եմ դրան, որովհետև ես հավատում եմ մեր հավաքական ուժին:

Այս հրապարակով ռազմական քայլերթով այսօր անցնելու են զինվորներ, ովքեր մեր անկախության տարեկիցներն են: Սա հազարամյակների լրջագույն պատմություն ունեցող, բայց քսան տարեկան Հայաստանն է` քսան տարեկանի ավյունով, եռանդով, քսան տարեկանի կենսասիրությամբ ու հավատով, քսան տարեկանի լավատեսությամբ ու համարձակ ծրագրերով: Բայց ո՛չ քսան տարեկանի միամտությամբ:

Սա նոր Հայաստանն է, որին այլևս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել կամ շանտաժի ենթարկել: Նրա հետ հնարավոր է բարեկամանալ ու համագործակցել, հնարավոր է նրա հետ հաջողություններ տոնել և ցավ կիսել, հնարավոր է նրան օրինակ ծառայել և նրանից օրինակ վերցնել:

Սա նոր Հայաստանն է, որ հիշում է շատ բան, բայց հիշաչար չէ, տեսել է շատ բան, բայց այսօր հայացքն ուղղել է ապագային:

Այս զորահանդեսը հայության հավերժական երթի լուսավոր մի դրվագ է», – ասել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi