Գլխավոր / Հայաստան / Ռուբեն Հայրապետյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը երազում էր, որ միանամ իրեն»

Ռուբեն Հայրապետյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը երազում էր, որ միանամ իրեն»

ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը համարում է, որ լրագրողների մի մասն իրեն չի սիրում և վատաբանում է, որովհետև ինքը ժամանակին չի համաձայնել միանալ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Նրա խոսքով` ինքը մինչև 2008 թվականի ընտրությունները կողմնորոշվել է Սերժ Սարգսյանի օգտին, որովհետև տեսել է «նախորդ իշխանությունների վատը»:

ՀՖՖ նախագահը պատմել է նաև, որ մինչ ընտրությունները Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները «փորձել են իրեն համոզել անցնել իրենց կողմը»:

Հայրապետյանի խոսքով` վերջին հանդիպումը Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի հետ ինքն ունեցել է 2008-ի հունվարին:

ՀՀ առաջին նախագահի հետ ինքն անձամբ հանդիպել է 2007-ի օգոստոսին, երբ «Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի գյուղից գալիս էր ու իրեն այցելեց Սևանի «Հարսնաքարում»»:

«Ինքը երազում էր, որ միանայի, ինքը երեք անգամ ինձ խնդրել ա», – ասել է Հայրապետյանը:

Վերջինիս խոսքով` ինքը չի գնացել այդ քայլին, որովհետև Սերժ Սարգսյանն իր ընկերն է, որը դեռևս 1996 թվականից իրեն փրկել է Տեր-Պետրոսյանի ճիրաններից, երբ իրեն հետապնդում էին իշխանությունները:

Հայրապետյանը, անդրադառնալով մամուլում տարածվող այն լուրերին, որ ինքը զբաղվում է թմրանյութերի վաճառքով, նշել է, որ դրանով 90-ականներին զբաղվում էր «Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա ոհմակը»:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը չի վախենում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն դատի կտա, Հայրապետյանը պատասխանել է.

«Թող դատի տա: Դատարանում ես կապացուցեմ: Դատարանում կապացուցեմ նաև էն սպանությունները, որոնց… իրա ժամանակվա ՄՎԴ-ի մինիստրը հետախուզության մեջ ա (նկատի ունի Վանո Սիրադեղյանին – խմբ.): Թող դատի տա, կտենանք, կապացուցենք, թե չէ», – ասել է Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահն ասել է նաև, որ այսօր էլ շարունակում է շփվել Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ, քանի որ մարդկանց կուսակցությունների չի կիսում: Այնուամենայնիվ, անձամ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Հայրապետյանը չի շփվում ու չի ցանկանում շփվել, և վերջինիս` իշխանության գալու պարագայում, իր իսկ խոսքով, հրաժարական կտա և կհեռանա երկրից:

Tekali Taxi