Գլխավոր / Հայաստան / «Մի հատ էլ թող իրանց համար դամբարան կառուցեն». բնակիչները բողոքում են Երևանի քաղաքապետի որոշման դեմ

«Մի հատ էլ թող իրանց համար դամբարան կառուցեն». բնակիչները բողոքում են Երևանի քաղաքապետի որոշման դեմ

Կողբացի 42, Պուշկինի 40, Տերյան 23, 25 Լալայանց 37 շենքերի բնակիչներն այսօր ակցիա են անցկացրել՝ բողոքելով իրենց բակում բարձրահարկ շենքի կառուցման դեմ:

Հիշեցնենք, որ գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը բարձրահարկ շենքի կառուցապատում է իրականացնում տվյալ բակում:

Բողոքող բնակիչների խոսքով` այդ կառուցապատման հետևանքով խախտվել են, թե քաղաքաշինական, թե ճարտարապետական, թե էկոլոգիական և թե սեյսմիկ անվտանգության նորմերը, բացի դա, երեխաները զրկվել են բակում խաղալու հնարավորությունից:

Վերոնշյալ շենքերի բնակիչների խնդիրներով զբաղվող Վարդան Գերավետյանն այսօր բարձրախոսով դիմել է այդտեղ շինարարություն իրականացնող շինարարներին՝ ասելով հետևյալը.

«Մեր բնակիչները դիմում են ձեզ, մենք շատ հարգում ենք ձեր աշխատանքը, դուք ընտանիքներ եք պահում: Այս ծանր սոցիալական իրավիճակում դուք ստիպված եք կատարել այն ինչը, որ ձեզ առաջարկում են, բայց դուք ինչ-որ անում եք, անում եք մեր առողջության և կյանքի հաշվին: Ամեն օր որ դուք սկսում եք էս շինարարությունը, հիշեք, որ դուք մեզ դանդաղ սպանում եք: Դուք կամակատար եք հանդիսանում Սամվել Մայրապետյանների ու իրա նմանների, որոնք այս քաղաքը ապականել են», – ասել է Գերավետյանը:

Նա կոչ է արել շինարարներին դադարեցնել այդ շինարարությունը, «քանի որ վաղը ձեր նման շինարարներն էլ գնալու են ու քանդեն ձեր տները, ու էլի ասեն, որ ընտանիք են պահում»:

«Մենք փորձելու ենք ձեզ խանգարել: Դուք փորձելու եք փող աշխատել: Դուք էլ եք ճիշտ, մենք էլ ենք ճիշտ: Բայց դուք անում եք կամքը այն մարդկանց, որոնք բերել են այս երկրիը այն վիճակին, որ դուք վատ եք ապրում: Լավ  հիշեք, որ ամեն օր հենց գալիս եք սկսեք այս շինարարությունը, դուք մեզ վատություն եք անում: Բարով մնաք,, մենք ձեզ էլի խանգարելու ենք»,- ասել է  Գերավետյանը:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այնուհետև նա շինարարների ղեկավարից փորձել է տեղեկանալ, թե արդյոք նրանք ունեն համապատասխան թույլտվություն այդտեղ շինարարություն կատարելու համար:

Ղեկավարը, ով չի ցանկացել ներկայանալ, Գերավետյանին մի թուղթ է ներկայացրել քաղաքապետ Կարեն Կարապետյանի ստորագրությամբ` ստորագրված օգոստոսի 25-ին, համաձայն որի 450 քմ քանդում պետք է իրականացվի:

 

Փաստաթղթում նշված է եղել, որ բացի ինչ-որ համալիրից, որն այս պահին կառուցվում է, տվյալ վայրում  նաև բնակելի շենք է կառուցվելու:

Այս փաստը բնակիչների համար նորություն էր:

Լսելով այս ամենը` մի տիկին բղավել է. «Մի հատ էլ ստեղ թող իրանց համար դամբարան կառուցեն, պրծնեն»:

Գերավետյանը տեղեկացրել է, որ իրենք ցանկանում են վերջին զգուշացումն անել կառուցապատողներին:

Նրա խոսքով` այս հարցի վերաբերյալ իրենք խոսել են թե’ քաղաքապետի հետ, թե’ Կենտրոն համայնքի ղեկավարի հետ, սակայն ոչ մի արդյունք զրույցները չեն տվել:

Բնակիչները նաև մեղադրանքներ են ներկայացրել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ով հանդիսացել է  Երևանի կենտրոնում էլիտար շենքերի կառուցման համար թույլտվություն տվողը:

Վերոնշյալ շենքերի բնակիչները նաև դատական հայց են պատրաստել այս խնդրի հետ կապված, որը շուտով կներկայացնեն դատարան: Իսկ եկող հինգշաբթի նրանք  Կառավարության շենքի առջև տարբեր խնդիրներով բողոքողների կողքին կբարձրաձայնեն իրենց խնդրի մասին:

Tekali Taxi