Գլխավոր / Հայաստան / Ուսանողները գրավել են հունական հեռուստաալիքի շենքը

Ուսանողները գրավել են հունական հեռուստաալիքի շենքը

Սեպտեմբերի 25-ի երեկոյան մի խումբ ուսանողներ ներխուժել են Հունաստանի պետական NET հեռուստաալիք, հաղորդում է Agence France-Presse-ը:

Աթենքում գտնվող հեռուստաալիքի շենք են ներս մտել ավելի քան 50 ուսանողներ: Նրանք հեռուստաալիքի ղեկավարությունից պահանջել են եթեր տրամադրել, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն բարձրագույն կրթության ոլորտում իրականացված փոփոխությունների դեմ:

NET-ի ղեկավարությունը հրաժարվել է կատարել ուսանողների պահանջը և որոշում է կայացրել չհեռարձակել լուրերի երեկոյան թողարկումը` դրա փոխարեն վավերագրական ֆիլմ ցուցադրելով: Այս կերպ, հեռուստաալիքը խուսափել է երեք տարվա վաղեմություն ունեցող միջադեպի կրկնումից: Այդ ժամանակ անարխիստների մի խումբ մտել էր հեռուստաալիքի տաղավար, և ուղիղ եթերից ցուցապաստառ ցուցադրել, որը կոչ էր անում փողոց դուրս գալ բողոքի ակցիայի նպատակով:

Կիրակի երեկոյան ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել Աթենքի կենտրոնում գտնվող խորհրդարանական շենքի առջև անցկացվող բողոքի ակցիան ցրելու նպատակով:

Հունաստանում հերթական բողոքի ակցիան ծագել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21-ին իշխանությունները որոշել են տնտեսության փրկության նոր նախագիծ ներկայացնել: Այն ենթադրում էր թոշակների կրճատում և հարկերի ավելացում: Նշենք, որ հակաճգնաժամային ծրագրի ընդունումը անհրաժեշտ պայման է Արժույթի միջազգային հիմնադրամից և Եվրամիությունից 8 միլիարդ դոլար հերթական վարկ ստանալու համար:

Tekali Taxi