2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Հայաստանի խանութներում կարագի անվան տակ վաճառել են բուսասերուցքային սփրեդ

ՏՄՊՊՀ մոնիտորինգի արդյունքներով  արձանագրվել է, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գնի միջև կա խիստ էական տարբերություն:  Խոշոր սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը վաճառվում է 920 դրամից մինչ 3000 դրամով: Գնային այս ակնհայտ անհամապատասխանությունը հիմք է հանդիսացել, որպեսզի Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն սկսի այս շուկայում:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի փոխանցմամբ` Հանձնաժողովն ուսումնասիրել է կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների ողջ փաստաթղթաշրջանառությունը և հայտնաբերել Է մի շարք խախտումներ: Ապա Հանձնաժողովը վաճառքի մեկ տասնյակից ավելի վայրերից կատարել է կարագի հսկիչ գնում: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում էլ լրացուցիչ կերպով հաստատվել են  փաստաթղթերում առկա խախտումները:

Այսպիսով, որոշ դեպքերում կարագի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, որն անհամեմատ էժան է, սակայն այն առևտրի կետերին վաճառել են կարագի անվան տակ: Բացահայտվել են նաև դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, քաջատեղյակ լինելով, որ ձեռք է բերել  բուսասերուցքային սփրեդ, այն վաճառել է կարագի անվան տակ: Իսկ որոշ դեպքերում էլ սուպերմարկետներում այլ կերպ են մոլորեցրել սպառողներին. հայտարարել են, որ ակցիայի շրջանակում անհամեմատ էժան գնով վաճառվում է կարագ, բայց իրականում վաճառել են բուսասերուցքային սփրեդ՝  կարագի համար խիստ էժան, իսկ սփրեդի համար՝ բավականին բարձր գնով:

Բուսական ծագում ունեցող սփրեդի 1 կիլոգրամը կարագից էժան է ավելի քան 1000 դրամով:

Հանձնաժողովի որոշմամբ, հարուցվում է վարչական վարույթ՝ օրինախախտ ներկրողների  և իրացնող տնտեսվարողների հանդեպ: