Home / Բանտ / Բանտից անազատություն. լքված քաղբանտարկյալի պատմությունը

Բանտից անազատություն. լքված քաղբանտարկյալի պատմությունը

Հայ Ազգային Կոնգրեսի քաղբանտարկյալների ցուցակից, որն առկա էր 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո, Մուրադ Բոջոլյանն ազատության մեջ վերջինը հայտնվեց: Նա չէր ձերբակալվել 2008-ի նախագահական ընտրություններից հետո, և համաներումը նրա վրա չէր տարածվում: Մուրադ Բոջոլյանը ծնվել է 1950 թ. Թուրքիայում: 2002 թ. հունվարի 27 -ին ձերբակալվել է` հայրենիքի դավաճանության և Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով (նախկին `1961 թ. քրեական օրենսգիրք, 59 հոդված, 1 մաս): Բոջոլյանն անազատության մեջ անցկացրեց   դատարանի կողմից նշանակված կալանքի ժամկետն ամբողջությամբ :

Epress.am-ի զրույցը Մուրադ Բոջոլյանի հետ բավական երկար ստացվեց. նախկին քաղբանտարկյալը  մանրամասնորեն անդրադարձավ իր անցյալին, մեղադրանքի պատճառներին, անազատության տարիներին և իր ներկա վիճակին: Մեր կողմից նախապես ընտրված հարցազրույցի ձևաչափից որոշեցինք հրաժարվել անմիջապես զրույցն ավարտելուց հետո: Պարզապես խոսքը տրամադրեցինք Մուրադ Բոջոլյանին:

Տեսական հետախույզ. խորհրդային անցյալն ու 90-ականները

Ես չեմ եղել քաղաքական գործիչ, եղել եմ Թուրքիայի եւ թուրքերենի մասնագետ: Սկսած 1991-ից ես աշխատել եմ պետական ապարատում, նախ` ԱԳ-ում որպես Թուրքիայի բաժնի վարիչ, իսկ հետագայում` նախագահի աշխատակազմում որպես նախագահի ավագ թարգմանիչ և Թուրքիայի գծով գլխավոր փորձագետ: Ակտիվ կերպով ընդգրկված եմ եղել Թուրքիայի հետ շփումների հենց սկզբից` սկսած 1992 թվականի փետրվարից, որպես արտգործնախարարության Թուրքիայի բաժնի վարիչ:

Դրանից հետո էլ այդ շփումները շարունակվել են տարբեր մակարդակներում, քանի որ ես եղել եմ ոչ միայն նախագահի թարգմանիչը. 1997 թվականից ինձ առաջարկել են զբաղեցնել հայ-թուրքական բիզնես հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը, որն ավելի շատ հասարակական աշխատանք էր և ինձ օգտագործում էին որպես թարգմանիչ:  Հայաստան գնացող-եկող բոլոր թուրք գործարարների, այսինքն` այդ հանձնաժողովի  թուրք անդամների հետ անմիջական շփման մեջ էի: Այդ տարիներին ես, գուցե, Հայաստանում թուրքերի հետ ամենաշատ և ինտենսիվ կերպով շփվող անձնավորությունն էի, և բնական է, որ ցանկության դեպքում միշտ էլ ինչ-որ բան հնարավոր էր գտնել` այդպիսի մեղադրանք առաջադրելու համար:

Ես այստեղ ուզում եմ մի հանգամանքի անդրադառնալ, որի մասին չի խոսվել կամ շատ քիչ է խոսվել: Դա իմ խորհրդային անցյալի որոշ էջերի հետ է կապված: Դատավարության ժամանակ և հետագայում մամուլում ինձ ներկայացնում էին որպես խորհրդային գործակալ, որը մեզ մոտ ասոցացվում է ԿԳԲ-ի գործակալ հասկացողության հետ: Դա անհիմն է, որովհետև խոսքը բոլորովին այլ աշխատանքի մասին է: 1971 թվականին, երբ ես դեռ ուսանող էի, խորհրդային  Հետախուզական գլխավոր վարչությունը (ГРУ ), որը զբաղվում էր արտասահմանյան  հետախուզությամբ, հիմնականում `ռազմական հետախուզությամբ, ինձ առաջարկեց համագործակցել իրենց հետ, կցանկանայի շեշտել այս պահը` պատերազմի ծագման դեպքում Թուրքիայի տարածքում աշխատելու համար: Սկսած այդ թվականից մինչև Խորհրդային Միության տապալումը ես գրանցված էի այդ համակարգում: Դա  ՊԱԿ -ի հետ ընդհանրապես կապ չուներ: Կարող է մի քիչ պարադոքսալ հնչել, բայց երկու հիմնարկություններն ինչ-որ տեղ հակառակորդ հիմնարկություններ էին, և ԿԳԲ-ն ոչ նրանց գործունեության, ոչ նրանց կադրերի մասին որևէ տեղեկություն չուներ: Դա զուտ հետախուզական աշխատանք էր, այն էլ արտասահմանյան: Եվ շեշտում եմ, միայն պատերազմի ծագման դեպքում ես պետք է աշխատեի Թուրքիայի տարածքում: Այսինքն, անցած 20 տարիների ընթացքում ես սկզբից անցել եմ պատրաստում, իսկ հետագայում արդեն, տարին կամ երկու տարին մեկ ինձ կանչում էին վերապատրաստության: Ինչպես զինապարտներին են ժամանակ առ ժամանակ հավաքագրում և զորավարժանքներ անցկացնում, ինձ էլ այդ պատրվակի  տակ հավաքագրում էին, որպեսզի  ծանոթանամ  բնագավառում տեղի ունեցած նորություններին, նոր տեխնիկային և միշտ պատրաստ լինեմ ամեն րոպե առաջադրանք կատարելու: Բայց այդպիսի առիթ, Փառք Աստծո, չծագեց: Եվ ես մնացի որպես տեսական հետախույզ:

Քոչարյանին Թուրքիան չէր հետաքրքրում

Ես լրագրողական աշխատանքով զբաղվել եմ դեռ 90-ականների սկզբներ իմ հիմնական աշխատանքին զուգահեր: Երբ 1993-ի ամռան վերջին դուրս եկա ԱԳ նախարարությունից, որոշ յամանակ աշխատում էի  «Ազգում», «Հայաստանի Հանրապետությունում», «Հայքում»:  Բացի դրանից  թուրքական մեկ երկու լրատվամիջոցների հետ եմ աշխատակցել, հատուկ հոդվածներ  պատրաստել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Տպագրվում էի հիմնականում «Ռադիկալ» թերթում:

Միաժամանակ ես աշխատում էի թուրք լրագրողների հետ: Այսինքն, Հայաստան եկող բոլոր լրագրողներին դեռ ԱԳ նախարարությունում աշխատելու ժամանակ  անմիջապես ուղարկում էին ինձ մոտ: Նրանց հետ ես էի շփվում: Հետագայում ինձ սկսեցին հանձնարարել ուղեկցել այդ լրագրողներին: Ուզում եմ շեշտել, որ դա պետական հանձնարարություն էր, այլ  ոչ թե իմ նախաձեռնոըթյոընը: Ես  ուղեկցել այդ լրագրողներին տարբեր նախարարություններ, նախագահի աշխատակազմ, հարկ եղած ժամանակ Լեռնային Ղարաբաղ, որպեսզի նրանք նյութեր պատրաստեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի մասին, ընդ որում այս նյութերը հիմնականում հայանպաստ են եղել Ես հանդես էի գալիս որպես ուղեկցող և թարգմանիչ: Այս փաստը հետագայում փորձեցին օգտագործել իմ դեմ, թե իբր ես թուրք լրագրողներին ուղեկցել եմ Հայաստանի սարբեր վայրեր, , և հասկանալի չէ, թե նրանք այստեղ  ինչով են զբաղվել:

Լրագրողների հետ հանդիպելու հանձնարարություն սկզբում ստանում էի նախագահի աշխատակազմից` եթե բարձր մակարդակի լրագրողներ էին, լինում էր նաև ԱԳ նախարարությունից: Իսկ երբ արդեն համակարգում չէի,  պատահում  էր, որ ուղղակի թուրք լրագրողներն ինձ հետ էին կապվում և խնդրում ուղեկցել նրանց:   Նման դեպքերում ես ԱԳ նախարարության Թուրքիայի  բաժնի աշխատակիցներին  տեղյակ էի պահում, նրանք ասում էին` խնդիր չկա, քեզանից լավ ոչ ոք չի կարող այդ գործն անել: Ինքնագործունեությամբ չեմ զբաղվել:

Դա շարունակվեց բավական երկար, մինչև 2001-ը: Նրանց հետ աշխատում էի նաև այն ժամանակ, երբ արդեն Հայ-թուրքական բիզնես հանձնաժողովի քարտուղարն էի: Արդեն 1998 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ես դեռ աշխատակազմում էի և ինձ ասացին, որ ես որպես մասնագետ  պետք է մնամ և շարունակեմ իմ աշխատանքը, քանի որ Թուրքիայի հետ կապերը շատ կարևոր են:   Մինչև 1998 թվականի հուլիսի վերջերը շարունակեցի աշխատել Քոչարյանի հետ: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, նրան Թուրքիայի հետ կապված վերլուծությունները, տեղեկությունները այդքան էլ չէին հետաքրքրում: Եվ ինձ հասկացրեցին, որ կատարածս աշխատանքը, փաստորեն, իզուր է: Ինձ մի քանի անգամ առաջարկեցին տեղափոխվել ԱԳ նախարարության Թուրքիայի բաժին, ինչից ես հրաժարվեցի: Դա ինձ համար վերադարձ էր 1991 թվական, այն էլ` շարքային աշխատողի կարգավիճակում: Եվ ես ասացի, որ եթե իմ ներկայությունը աշխատակազմում նրանք ավելորդ են համարում, ես կարող եմ հրաժարականի դիմում գրել: Իրենք ավելի առաջ ընկան, ինձ կրճատման տակ գցեցին:

Իմ հիմնական աշխատանքը դարձավ լրագրողական գործունեությունը: Ես սկսեցի աշխատել թուրքական NTV-ի հետ, «Անադոլու» գործակալության հետ և անգլիական BBC-ի թուրքերեն հաղորդումների բաժնի հետ: Նրանց արտահաստիքային թղթակցի կարգավիճակն ունեի Հայաստանում:  Օրինակ, երբ իրադարձություն էր տեղի ունենում, ուղիղ կապ էին հաստատում ինձ հետ հեռախոսով, և ես տեղի ունեցածի մասին մեկ երկու րոպե տեղեկություն էի հաղորդում ` հենվելով մեր երկրում առկա պաշտոնական տեղեկատվության վրա, քանի որ ակտիվ լրագրող չէի, նյութերի հետևից չէի ընկնում, ակտիվ հարցազրույցներ չէի վարում, պարզապես հետևում էի մամուլին:

Մեղադրանք. Մոսկվայի զարմանալի դերը

«Անադոլու» գործակալության թղթակից Ռեմզին, որի հետ համագործակցում էի, աշխատում էր Մոսկվայում: Ես իմ պատրաստած մամուլի տեսությունը   ֆաքսով ուղարկում էի նրան:

Բոլոր արտասահմանյան լրագրողները Մոսկվայում գտնվում էին ԴԱԾ-ի (ФСБ) հսկողության տակ, այդ թվում` Ռեմզին:

Երբ նա սկսեց ինձանից ստանալ ֆաքսեր, ռուսներն անմիջապես կապվել են հայաստանյան ԱԱԾ-ի հետ, և հաղորդել, որ Հայաստանում մեկը թուրք թղթակցի հետ տևական կապի մեջ է, և, ըստ մերոնց  պնդման, ռուսները կասկածում են, որ այդ թղթակիցը ՄԻՏ-ի (Թուրքիայի հատուկ ծառայություն) գործակալ է: Քանի որ ես այդ թղթակցի հետ էի աշխատում, ստացվում էր, որ ես նույնպես աշխատակցում եմ ՄԻՏ-ի հետ: Դա հետագայում դարձավ մեղադրանքի հիմք: Փաստացի մեղադրանքում ասվում էր, որ ես աշխատել եմ նաև «Հուրիեթի» թղթակից Ներդուն Հաջիօղլուի հետ, որին ես շատ լավ ճանաչում էի (նա հաճախ էր լինում Հայաստանում): Ինքս կասկածներ ունեի, որ նա գործակալ է և այդ մասին մերոնց զգուշացրել էի: Հաշվի առնելով, որ ինձ դատեցին հիմնվելով նաև ՖՍԲ-ի «զգուշացման» վրա, զարմանալին այն է, որ նույն Ռեմզին և մնացածը այնուհետև ևս շարունակեցին աշխատել Մոսկվայում:

ԱԱԾ ներկայացնելով` իմ գործը սկսվել է Մոսկվայից, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Մոսկվայից չի սկսվել, քանի որ նրանք կոնկրետ ժամանակահատվածի հետ կապված փաստեր չունեին, նրանք դեպքը կապել էին 1993   թվականի հետ, երբ ես հեռացա ԱԳ նախարարությունից: Այդ ժամանակ տեղի էր ունեցել մի  դրվագ. քանի որ ես ԱԳ նախարարությունում  եղած ժամանակ շատ ակտիվ էի աշխատում Թուրքիայի հետ, ինչ խնդիրներ ծագում էին` լուծումն ինձ էր հանձնարարվում: Եվ ես, օգտագործելով իմ գիտելիքները, լավ ճանաչելով թուրքերին, կարողանում էի հաճախ օպերատիվ լուծում տալ խնդիրներին: Այդ հարցերի մեջ էին մտնում այնպիսի դեպքեր, երբ, օրինակ, նախագահը նստած է եղել ինքնաթիռի մեջ և պետք է թռչեր Սիրիա, սակայն Թուրքիան օդային միջանցք չէր տրամադրում: Այդ ժամանակ զանգում էին ինձ, ասում էին` օգնիր  լուծել  հարցը, թե չէ կործանվում ենք: Եվ ես 15-20 րոպեի ընթացքում այդ հարցը լուծում էի: Եվ դա, իհարկե, ոչ թե նրա համար, որ ես այդքան հեղինակություն ունեցող մասնագետ էի, պարզապես հանդես էի գալիս Հայաստանի նախագահի անունից, իսկ թուրքերը գնահատում և հարգում էին Հայաստանի նախագահին` այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին: Դրա համար էլ, երբ որ նախագահի մակարդակով էին նրանց ներկայացվում հարցերը, նրանք անմիջապես լուծվում էին: Ես մեկ զանգով կարողացել եմ թռցնել ինքնաթիռը, նախագահը անգամ չի իմացել, որ այդպիսի ձգձգում է եղել:

Եղել են նմանատաիպ շատ ուրիշ խնդիրներ: Օրինակ, երբ հայաստանյան պատվիրակությունները ցանկանում էին գնալ Թուրքիա ավելի կարճ ճանապարհով, ես բացել էի տալիս Մարգարայի սահմանը, և պատվիրակությունն անմիջականորեն Մարգարայից մտնում էր Թուրքիա: Հետագայում Թուրքիայից ցորեն ստանալու խնդիր եղավ: Բոլորն էլ կարող են վկայել, որ այդ հարցի լուծման մեջ գլխավոր դերակատարը ես եմ եղել:

Դատավարության ժամանակ Մոսկվայից` Գլխավոր հետախուզական վարչությունից, խնդրել էին իմ աշխատանքային բնութագիրը: Ստացել էին շատ լավ բնութագիր, որն ամբողջովին իմ գովքն էր անում. թե ինչպիսի հայրենասեր եմ եղել, որ առանց շահի ակնկալիքի ինչպիսի ծառայություն եմ մատուցել, բայց դրա միջից նրանք ջոկել էին մի քանի նախադասություններ, որտեղ ասվում է, թե ես ինչքան պատրաստված հետախույզ եմ եղել, ռադիոկապի հմուտ մասնագետ և հետախուզական տեղեկատվություն հավաքելու լավ վարպետ: Այդ պահերը վերցրել, մտցրել էին մեղադրականի մեջ, որպեսզի կարողանան հիմնավորել,  թե ինչու իրենք այդպես էլ չկարողացան հիմնավոր փաստեր գտնել իմ մեղադրականը հաստատելու համար: Նրանք մեղադրականը կազմեցին, այսպես կոչված, «ընդհանուր ապացուցողական դաշտի» վրա: Եվ դա այդպիսի ծանր մեղադրանքի դեպքում, որը նվազագույնը 10 տարի է նախատեսում, և փաստորեն, մարդու ճակատագիր է խորտակում:

Միգուցե նախանձ

Միգուցե, այդ ամենը ժամանակին իմ կողմից սուբորդինացիայի խախտման հետևանք  էր:  ԱԳ  նախարարը սկզբում Րաֆֆին էր, հետո ժամանակավորապես նրան փոխարինեց Արման Կիրակոսյանը`որպես պաշտոնակատար, ավելի ուշ արդեն Փափազյանը եկավ:

Թուրքիայի հետ կապված հարցերում  ինձ հետ անմիջականորեն կապվում էին նախագահի աշխատակազմից և հանձնարարություն տալիս: Ես հանձնարարությունը կատարում և իրենց զեկուցում էի: Բայց ես շարքային բաժնի վարիչ էի, ինձանից վերև վարչության պետ կար, փոխնախարար կար, և նրանցից ոմանք շատ էին նեղվում, որ գործը կատարվում է, բայց իրենց անունը չի երևում: Հատկապես ուզում եմ երկու հոգու անուն շեշտել, որոնք անմիջականորեն կապված են իմ ճակատագրի հետ: Մեկը` փոխարտգործնախարար Ղազինյանն էր: Նա ԱԳՆ-ում մեր վարչության պետ Գենա Հովհաննիսյանի հետ գաղտնի զեկուցագիր էին ուղարկել ԱԱԾ առ այն, որ «Մուրադ Բոջոլյանը Թուրքիայի հետ հարաբերություններում յուրաքանչյուր հարցում միշտ հաջողության է հասնում, ինչը կասկածներ է հարուցում»: Իբր թուրքերի հետ ինչ-որ համագործակցության մեջ էին ինձ կասկածում:

Բայց արդեն 2002 թվականին, երբ  ինձ ձերբակալեցին, քննիչը մեղադրանք ներկայացրեց, որ ես սկսած 1993 թվականից համագործակցում եմ թուրքական հատուկ ծառայությունների հետ մինչև այսօր: Ես հարցրեցի` կարող եք բացատրել ինչի վրա է հիմնված ձեր մեղադրանքը: Ասաց, թե իրենց մոտ զեկուցագիր կա այն ժամանակ ուղարկված և որ ինձ շատ հայտնի մարդիկ են ուղարկողները: Դժբախտաբար  այդ անձինք չեն կարող հաստատել կամ հերքել այս փաստը, քանի որ երկուսն էլ սրտի կաթվածից մահացել են շատ երիտասարդ հասակում:

Թուրքերի առաջարկը մերժվել էր

Եթե կարողանային ինձ համոզել, որ ես ընդունեմ մեղքը, թե իբր պետական աշխատանքի եղած ժամանակ աշխատել եմ թուրքերի օգտին, դա իրոք ծանր հանցագործություն կլիներ: Պետք է ինձ հետ աշխատողների անուններ տայի, ինչը կխորտակեր այլ անմեղ մարդկանց ճակատագրեր:

Կային որոշ հանգամանքներ, որոնց պատճառով ես ստիպված եղա ինքնախոստովանական ցուցմունք ներկայացնել: Մանրամասների մեջ չեմ ուզում մտնել, բայց դրա պատճառը նաև այդ տարիները մեղադրականից հանելու նպատակն էր: Ես  ասացի  , որ 2000 թվականին ինձ նման բան առաջարկվել է, բայց շարունակություն չի ունեցել: Այսինքն` իրենք ինձ որևէ առաջադրանք չեն տվել, ես ել որևէ առաջադրանք չեմ կատարել:

Ես այդպես ներկայացրեցի, չնայած արդեն գիտեի, որ դատապարտվելու և նստելու եմ: Հասկացա դա քննիչի խոսքերից, ով ասած, որ իմ քրեական գործը դրված է Ռոբերտ Քոչարյանի սեղանին, և նա սպասում է իրենց զանգին: Հասկացա, որ ամեն ինչ  Քոչարյանի վերահսկողության տակ է և նրա ցուցումով է արվում:

Բացի դա, ինձ հետ խոսելիս, ասվեց, որ իբր ես ինչ-որ նամակներ եմ ուղարկել փոստից, որոնք իրենք հանել են, բացել են, և իբր դրանցով ես ինչ-որ հետախուզական տեղեկատվություն էի ուղարկում, նկարներ էի ուղարկում: Նրանց ներկայացմամբ` բացելու ժամանակ ինչ-որ լուսանկարներ են եղել` չերևակված, սև թղթի մեջ, իրենք բացել են, և դրանք վառվել են, իրենք չեն կարողացել տեսնել ինչ նյութ է: Նշեմ, որ ես Հայաստանի անկախության տարիներից սկսած արտասահմանյան ոչ մի երկիր, անգամ իմ բարեկամներին նամակ չեմ ուղարկել, չեմ ստացել: Ասացի` դուք ուղղակիորեն սարքում եք իմ գլխին: Այդպիսի բան ոչ եղել է, ոչ էլ հնարավոր է: Այդ ամենից հետո, քննիչն ասաց, որ իրենք հիմնավոր փաստեր ունեն, Մոսկվայից էլ տվյալներ են ստացել… Եթե ես իմ մեղքն ընդունեմ, իրենք կարող են մեղադրանքը փոփոխել 71-րդ հոդվածով, համաձայն որի կապ եղել է Թուրքիայի հետ, բայց հետևանքներ չի ունեցել, և դա իմ վրա կնստի մինչև երեք տարի: Եվ ես մի տարի կնստեմ ու դուրս կգամ:

Մեկ հոգանոց լրտեսական ցա՞նցը

Հարցը կայանում է նրանում, որ հետախուզական աշխատանքը միայնակ կատարելու աշխատանք չէ: Իրենք ներկայացնում էին, որ բացահայտել են հետախուզական ցանց: Նույնիսկ այդ ժամանակվա ԱԱԾ տնօրեն Կառլոս Պետրոսյանը տարեվերջին ներկայացրել էր, որ իրենք թուրքական հետախուզական ցանց են բացահայտել, որի համար դոշին շքանշան կախեցին: Բայց, ցանց ասելով, պետք է հասկանալ ինչ-որ ընդլայնված գործողություններ, գործակալներ պիտի լինեին, իսկ իրենք ինձ միշտ հետևել են, գիտեին, որ այդ տարիների ընթացքում ես տանից  գրեթե դուրս չէի գալիս: Լրագրող էի, բայց տանից էի աշխատում, ոչ մեկի հետ կապի մեջ չէի մտնում: Տանից դուրս գալս հիմնականում կամ խանութ գնալն էր կամ ընկերական հանդիպումներ, որոնց մի մասը` ընկերներիս հետ հանդիպումները սրճարաններում իրենք նկարահանել էին: Ընկերներիս լուսանկարները խավարեցնելով ասում էին, որ իբր թուրքերի հետ հանդիպումներ էի ունենում:

Մի խոսքով, այնպես ստացվեց, որ ես միայնակ տանը նստած, միայնակ, առանց օգնականների և գաղտնիքների հետ առնչվելու հնարավորությամ ամբողջ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական, ռազմական գաղտնիքները իմացել և տանից հեռախոսով կամ ֆաքսով հաղորդել եմ թուրքերին: Շատ միամիտ ձևակերպում էր: Հարցի նկատմամբ լուրջ վերաբերմունք չկար, այսինքն` լուրջ քննություն չէր գնում:

Բանտ և ընտանիք. բռնաճնշումներ

Իմ կալանավայրը եղել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը: Սկզբնական շրջանում դրսի հետ կապը շատ վատ էր: Ամեն օր երեք թերթ էինք ստանում` «Հայոց աշխարհ», «Հայաստանի Հանրապետություն» և «Ազգ»: Եվ մեր կապը արտաքին աշխարհի հետ այդ թերթերն էին, ուրիշ կապ չկար: Ես կալանքի առաջին տարվա ընթացքում տեսակցություններից էլ էի զրկված, մինչև դատավարության սկսվելը ես ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապ չունեի, փաստաբաններից էլ որևէ տեղեկատվություն ստանալն ընդհանրապես անօգուտ էր:

2004 թվականին հանրային ռադիո մտցրեցին, որպեսզի լուրեր, երաժշտություն լսենք, իսկ արդեն 2005-ի վերջին ինձ պաշտոնապես թույլատրեցին հեռուստացույց ունենալ: Դե, հեռուստացույցն էլ, գիտեք, բոլոր ալիքները պետական ալիքներ են, միակ տեղեկատվությունը դրանով էր սահմանափակվում: Ինֆորմացիան տողերի տակ կարդալով` ինչ-որ բան հասկանում էինք:

2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, երբ մյուս քաղբանտարկյալները հայտնվեցին մեզ մոտ, դրսից սկսեցին բերել այլ մամուլ նույնպես ` «Հայկական ժամանակ», «Չորրորդ ինքնիշխանություն»: Բայց այդ թերթերը ոչ թե մեզ ՔԿՀ-ն էր տրամադրում, այլ հարազատներն էին բերում:

Բանտում ինձ համար առավել ցավալի խնդիրն իմ ընտանիքն էր: Մինչ այդ, մենք Նորքի 5-րդ զանգվածում բնակարան ունեինք, որը  վերանորոգել, պատրաստել էինք, որպեսզի մեր կյանքի մնացած մասն այնտեղ անցկացնեինք: Նոր բնակարան էր և այս դեպքից հետո, մերոնք շատ դժվար կացության մեջ մնացին, որովհետև երեխաներս չէին աշխատում: Տղաս բանակից հիվանդ էր վերադարձել, ցնցումներ էր ունենում ու բուժվում էր: Աղջիկներիցս  մեկը դեռ սովորում էր, մյուսը ավարտել էր, բայց չէր կարողանում աշխատանք գտնել: Կինս էլ չէր աշխատում: Այդպես նրանք մնացին առանց ֆինանսական օգնության: Մի քանի տարի նրանց օգնում էին Ամերիկայի  իմ   հարազատները, բայց որոշ ժամանակ անց նրանք էլ դադարեցին օգնել:

Բայց դա, հարցի նյութական կողմն էր: Սկսած առաջին օրվանից ողջ շրջապատը, հարևաններով և այլն, սկսեցին  նրանց վրա ճնշում գործադրել, անպատվել` անվանելով «լրտեսի ընտանիք», «լրտեսի զավակներ»: Նույնիսկ անմիջապես դիմացի հարևանը, ով թմրամոլ էր և խմում էր, գիշերները ոտքով դուռն էր ջարդում, հայհոյում, հոսանքն էր կտրում: Իսկ երբ ոստիկանություն էին դիմում, ասում էին` ուշադրություն մի դարձրեք, գիժ է: Դա շարունակվեց բավակական երկար ժամանակ:

Հետո ես նրանց խորհուրդ տվեցի վաճառել բնակարանը, տեղափոխվել այդտեղից, որպեսզի և’ ապրուստի փող լինի, և’ միջավայրը փոխվի: Բնակարանը վաճառեցին 2006 թվականին, և սկսեցին ապրել վարձով: Մինչև հիմա վարձով ենք ապրում:

Տարիների ընթացքում իմ ընկերական շրջապատը վերացել է, ընտանիքիս անդամների ընկերական շրջապատը` նույնպես: Բոլորը երես են թեքել մեզանից: Քիչ թե շատ կապ են պահպանել լրագրողները:

Գումարած դրան, կինս երեխաների հետ կռիվ էր տալիս ամբողջ պետական ապարատի, դատախազության, քննչական մարմնի, դատական ատյանների դեմ` իմ արդարացմանը հասնելու համար: Ի վերջո նրանց ջանքերով իմ գործը ուղարկվեց Եվրոդատարան, որը 6 տարի պահելուց հետո  իմ դիմումը մերժեց այն պատճառաբանությամբ  , որ, չնայած իշխանությունների մեղադրանքը`կապված թուրքերին տեղեկություններ հաղորդելու հետ, փաստերով չի ապացուցվում, բայց քանի որ հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը, յուրաքանչյուր երկիր ինքն է գնահատական տալիս, ինչն է իր անվտանգությանը սպառնում: Այսինքն, եթե իշխանություններն ասում են, որ այդ թերթային հոդվածները երկրի անվտանգությանը սպառնում են, մենք չենք կարող միջամտել, դա իրենց գործն է:

Այդ ամբողջ ծանրությունը իր ուսերին էր տանում իմ կինը` Լյուդմիլա Բոջոլյանը երեխաների օգնությամբ: Իսկ իրավաբաններն ու պաշտպանները փողը վերցնում ու մի կողմ էին քաշվում: Վերջում ձեռքերն էին թափ տալիս, թե` դե մենք ինչ կարող ենք անել, Հայաստանում էսպիսի վիճակ է, մեր իրավունքները շատ սահմանափակ են:

Այդ նյութական դժվարությունները մի կողմից, այդ մշտական կռիվները մյուս կողմից ի վերջո հանգեցրին նրան, որ ի վերջո բոլորիս  առողջական վիճակը, նյարդային համակարգը խախտվեց:

Իհարկե, կան մարդիկ, որոնք այն ժամանակ պաշտպանում էին ինձ, առաջին հերթին` իրավապաշտպանները` Միքայել Դանիելյանը, Վարդան Հարությունյանը: Որոշ ընդդիմադիր թերթերի որոշ թղթակիցներ ի սկզբանե կանգնած էին իմ թիկունքին, բացի դրանից, այդ ժամանակ միջազգային լրագրողների միությունն իր տարեկան զեկույցներում ինձ ներկայացնում էր որպես լրագրող, որը բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով:  Այնպես չէ, որ բոլորը լուռ էին, բայց ես նկատի ունեմ Հայաստանի ներսում քաղաքական ուժերին, որոնք հանդես էին գալիս որպես ընդդիմություն, կարող էին, եթե ոչ ինձ, ապա իմ ընտանիքին որոշակի օգնություն ցույց տալ, ինչը չարեցին:

Քաղբանտարկյալ. Տեր-Պետրոսյանի հետ մտերիմ չեմ եղել

Ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ չեմ եղել: Իր քույրն իմ համակուրսեցին էր, այդ ժամանակվանից ես նրան ճանաչել եմ որպես լավ մասնագետի, երբեմն հանդիպել ենք, բայց իրար հետ ընկերական հարաբերություններ չենք ունեցել: : Իսկ երբ Հայաստանն անկախացավ, նրա  անունից  ինձ առաջարկեցին  աշխատել  պետական համակարգում:

Եթե ուզենային Տեր-Պետրոսյանին որևէ ձևով վնասել, ամենահեշտ ճանապարհը հենց թուրքական հետքը օգտագործելն էր, իսկ թուրքական հետքը ես էի, որովհետև Թուրքիայի հետ հարաբերություններում հիմնական գործող անձը ես եմ եղել:

Այդ ժամանակվա պետականամետ, հատկապես դաշնակցական և ռուսալեզու մամուլն ինձ ներկայացնում էին որպես Լևոն Տեր-Պետրոսյանի բանագնացը, իսկ ես բանագնաց չեմ եղել: Նրանց մտահոգության  պատճառն  ինքնին հասկանալի էր, քանի որ,  2002 թվականին որոշ թերթեր սկսել էին գրել Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի մասին: Ես այն ժամանակ կեսկատակ, կեսլուրջ ասում էի, որ ահա` Լևոնը վերադառնում է ու ես էլ թուրքերի հետ ակտիվ կապերի մեջ եմ և ինձ կարող են նրա դեմ օգտագործել:

Բայց ես լուրջ չէի ընդունում,  որ Լևոնը կարող է վերադառնալ: Միայն բանտից դուրս գալուց հետո, այդ ժամանակվա թերթերը կարդալով, իմացա, որ իրոք մտադրությունը շատ լուրջ է եղել, նա իրոք պատրաստվել է մասնակցել ընտրություններին: Ինձ մեղադրելով և այդ ժամանակվա ամբողջ հանրային կարծիքը ուղղելով հենց Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, անընդհատ շեշտելով ոչ թե Մուրադ Բոջոլյանի, այլ Տեր-Պետրոսյանի անունը` ուղղակիորեն հասկացնում էին, որ որոշակի ծրագիր էր իրականացվում, որոշակի նպատակ կար: Եվ կյանքը ցույց տվեց, որ իրենց այդ քայլն իր նպատակին հասավ: Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը չդրեց և քաղաքական կյանք չվերադարձավ: Դա տեղի ունեցավ 2007 թվականին, երբ այդ ամենը արդեն անցյալում էր:

Չգիտեմ ինչ հանգամանքներ ստեղծվեցին, որ ընդդիմությունը որոշեց, որ իմ նկատմամբ ժամանակին այդքան էլ արդար չեն վարվել: Որովհետև իմ ձերբակալությունից հետո նրանք իմ ընտանիքին միայնակ թողեցին: Այդ ծանր ճնշումների տարիներին ոչ մի հարցում չօժանդակեցին: Հասկանալի էր, որ վախ էր մտել, ԱԱԾ-ի հետ կապված խնդիր էր: Բայց եթե այդ վախը կար, հետագայում ի՞նչը փոխվեց, որ նրանք հանկարծ հիշեցին, որ այն ժամանակ ես անարդար էի դատապարտվել:

Ավելի լավ էր բանտում մնալ, քան կոտրվել

Մի հանգամանք կա, որի մասին ուզում եմ խոսել. իմ կալանքի ժամկետի երկու երրորդը լրանում էր 2008-ի փետրվարին, և  ՔԿՀ-ում բոլորն  ինձ հավաստիացնում  էին, որ իմ նկատմամբ կիրառվելու է «երկու երրորդը», և ես դուրս եմ գալու, քանի որ շատ օրինակալեի կալանավոր եմ եղել: Բայց դա համընկավ արդեն նախագահական ընտրությունների քարոզարշավի հետ, և երբ ես կալանավայրի պետից հետաքրքրվեցի, թե երբ են կիռարելու իմ երկու երրորդը, ինձ ասացին, որ հիմա վիճակը խառն է, ընտրություններ են, որ այդ հարցին ընտրություններից հետո կանդրադառնան:

Ընտրություններից հետո մարտի 1 եղավ, և ասացին` ոնց ես ուզում էս վիճակում դուրս գալ, հատկապես որ քեզ ընդգրկել են քաղբանտարկյալների ցուցակի մեջ: Ես համակերպվեցի այն մտքի հետ, որ ինձ վաղաժամկետ չեն ազատելու: Իրոք, ինձ համար ավելի նախընտրելի էր երկու տարի ավել նստել, բայց ազատվել որպես արդեն պաշտոնապես ճանաչված քաղբանտարկյալ, քանի որ այն հոդվածը, որով ինձ դատել էին և նստացրել, փաստորեն իմ հետագա ճակատագրի և ընտանիքիս ճակատագրի հետ էր խաղում` կործանում էր:

Հույս ունեի, որ  ճշմարտությունը հայտնի կդառնա  շատ շատերին (իսկ այն դարձավ հայտնի շատ շատերին… ինչ-որ տեղ հասարակությունը կիսվեց հավատացողների և չհավատացողների): Ես գիտեմ, իհարկե, որ մինչև հիմա էլ կան  մարդիկ, ովքեր հավատում են, որ այդ ամենը ճիշտ էր, որ այդպես էլ պիտի լիներ: Բայց կա նաև զգալի մի հատված, որը չի հավատում իմ մեղավորությանը: Երբ ես դուրս եկա բանտից, իմ ճակատը բաց էր, որովհետև այդ ամբողջ տարիներին նրանք չկարողացան ինձ կոտրել, որպեսզի ես ներում խնդրեմ, ընդունեմ իմ մեղքը, բայց ինչ-որ տեղ ես էդ երկու տարին ավել նստեցի հենց այդ պատճառով:

Ես տեղյակ եմ նաև, որ միանշանակ չի ընդունվել ինձ քաղբանտարկյալների ցուցակում ընդգրկելու որոշումը, որ անմիջապես Լևոն Տեր-Պետրոսյանն է պնդել, որպեսզի մտցնեն ինձ ցուցակի մեջ, ինչի համար ես նրան շնորհակալ էի այն ժամանակ… Հիմա էլ եմ ասում, բայց դրանից իմ վիճակը առանձնապես չփոխվեց:

Հրանտ Դինք

Մեր հայկական բնավորությանը շատ հարազատ է «գնա մեռի, արի սիրեմ» հասկացողությունը: Հրանտ Դինքի հետ իմ կապը սկսվել է 1992 թվականից: Ինքը դեռ անփորձ լրագրող էր, երբ մենք որպես պատվիրակություն գնում էինք Թուրքիա: Մոտենում էր, խնդրում, որ իրեն օգնեմ որոշ հարցազրույցներ վերցնել: Մենք այդպես ծանոթացանք, մտերմացանք: Իսկ հետագայում, երբ հիմնեց «Ակոսը», իր պարտքն էր համարում ամեն շաբաթ այդ թերթից մի օրինակ ուղարկել ինձ:

Ամեն անգամ Թուրքիա գնալուց, հանդիպում էի նրա հետ, գնում էի խմբագրություն , նստում էինք, խոսում: Հրանտին տեղեկություններ էի տալիս Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի մասին, ակնկալիքների մասին:

Ինչ վերաբերում է նրա հայացքներին, պետք է ասեմ, որ, իհարկե, Հրանտը մեծ հայրենասեր էր: Լինելով չորս որբ եղբայրներից մեկը, մեծանալով որբանոցում` ինչ-որ բանի հասնել, ստեղծել գրախանութների հսկայական ցանց, ապա մեծ հեղինակություն վայելող այդ թերթը: Հեշտ գործ չէ:

Նա «Ակոսը» ստեղծեց երկու լեզվով, որպեսզի նաև թուրքերը իմանան` հայերը ինչ են մտածում, ինչ են գրում: Այդպիսով, Հրանտը դարձավ բավական հեղինակավոր դեմք Թուրքիայում, հատկապես առաջադիմական ուժերի մեջ: Մեր կապերը շարունակվում էին առաջվա նման մնալ: Մենք համակարծիք էին հայ-թուրքական հարաբերությունների և շատ այլ հարցերում:

Ներկա. Վախենում են ինձ հետ կապեր ունենալ

Ինձ ոչ մի տեղ, ոչ մի գործ չեն առաջարկել: Ճիշտ ասած, ես չեմ էլ սպասում, որ իմ մասնագիտությամբ ինձ կարող են պետական ապարատից կամ ինչ-որ հրատարակությունից, կամ ինստիտուտներից գործ առաջարկեն, քանի որ վախենում են ինձ հետ կապեր ունենալ: Ընդդիմադիր ուժերի հնարավորությունները տվյալ պարագայում շատ սահմանափակ են, որպեսզի կարողանան աշխատանքի հարցում օժանդակություն ցույց տալ: Պարզապես ստիպված ենք ընտանյոք միայնակ կենաց մահու կռիվ տալ: Ոչ տուն ունենք, ոչ էլ ունենալու հեռանկար: Մեր անձնագրերի  ժամկետը վաղուց լրացել է,  չունենք հաշվառում, իսկ առանց հաշվառման մեզ նոր անձնագրեր չեն տրամադրում և ոչ ոք չի պատրաստվում այդ հարցում մեզ օգնել: Ստեղծվել է մի փակ շղթա և մենք սեփական հայրենիքում օտարներ ենք դարձել:

Առայժմ չեմ որոշել ինչ անել, հարցը երկրում մնալ կամ չմնալն է: Այդ մասին ես մինչ այժմ չէի մտածել, բայց հիմա զգում եմ, որ տվյալ միջավայրի մեջ այսպես ապրել շարունակելն անիմաստ է, քանի որ ոչ մի բան չի փոխվում, ոչ մի ակնկալիք չկա:

Չնայած դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, բայց շատ հնարավոր է, որ մեկնելու  որոշում կայացնեմ: Հիմա մեզ համար տարբերություն չկա, որտեղ ապրել: Իշխանությունների, նրանց հետ կապված բոլոր մարմինների կեցվածքը մեր նկատմամբ պարզ է: Նրանցից ոչ աշխատանք կարելի է ակնկալել, ոչ որևէ օգնություն, ոչ էլ հետագայի հետ կապված ինչ-որ հեռանկար կարելի է ակնկալել:

Հիմա սպասել, որ երկրում միջավայր կփոխվի, իշխանափոխությունից հետո ինչ-որ բան կփոխվի… Իհարկե, հնարավոր է, որ նման բան լինի, պարզապես դա ե՞րբ կլինի, ինչպե՞ս կլինի, չեմ կարող  և ժամանակ էլ չունեմ սպասելու:  ասել: Ես շատ կուզենայի, որ դա շուտ տեղի ունենար, և ես էլ կասեի, որ այսօր պատրաստ եմ ցամաք հացի վրա, հիվանդ վիճակում շարունակել ապրել այստեղ: Բայց եթե մոտակա ամիսների ընթացքում երկրում ոչ մի բան չփոխվի, ես կարծում եմ, որ այդ վճիռը կկայացնեմ:

Նշեմ, որ ես այդ հնարավորությունը ունեցել եմ 1991 թվականին: Իմ բոլոր հարազատները տեղափոխվեցին Ամերիկա, կամ ուրիշ երկրներ և ցանկացած պահի ես էլ կարող էի գնալ… Սակայն ես չէի պատրաստվում իմ զավակներին զրկել հայկական միջավայրից, ապրել օտարության մեջ որպես փոքրամասնություն: Դրա համար ամեն ինչին դիմացա, բոլոր զրկանքներին դիմացա: Մինչև բանտ նստելն ամեն ինչ արեցի, որ մնանք Հայաստանում: Դուրս գալուց էլ հայտարարեցի, որ ես ապրելու եմ Հայաստանում, թող Հայաստանից գնան նրանք, ովքեր ինձ նստացրել են: Նույնը հիմա էլ եմ կրկնում, բայց ամեն դեպքում, եթե մոտակա ամիսներին որևէ բան չփոխվի, ես երևի արդեն նման վճիռ կայացնեմ:

Tekali Taxi