2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Երբ քեզ ցլի պես ես պահում». Էրդողանին հիշեցրել են Հայոց ցեղասպանության մասին

Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ավագ գիտաշխատող Էմանուել Օթոլենգին «Խոսելով ներողությունների մասին» հոդված է հեղինակել, որում անդրադարձել է Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում վերջին շրջանում լարվածության մեծացմանը: Հոդվածի հեղինակը, մասնավորապես, հիշեցնում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից, և նշում, որ Թուրքիան այդ առումով խոսելու տեղ չունի:

«Թուրքիան 2010 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության մամուլի ազատության ցուցիչով  138-րդ տեղն էր զբաղեցնում աշխարհում: Իսկ ի՞նչ է լինելու այն 61 լրագրողների հետ, որոնք դեռ փտում են Թուրքիայի բանտերում: Չե՞ք ուզում ներողություն խնդրել նրանցից: Թե՞ նրանց ազատազրկման ժամկետները այն գինն են, որոնք նրանք վճարում են Թուրքիայի կամ առնվազն Էրդողանի հզորության համար».-գրում է Օթոլենգին:

Հեղինակը նշում է, որ Թուրքիան շարունակում է պետականորեն արտոնված միջոցներով ժխտել Հայոց ցեղասպանությունը և հետապնդում է նրանց, ովքեր համարձակվում են վիճարկել այդ հարցը: «Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն մարդկանց ոչնչացումից 90 և ավելի տարիներ անց արդյոք ժամանակը չէ՞, որպեսի պարոն Էրդողանը` «չափավոր իսլամիստը», ինչպես The Economist-ն է նրան մեծահոգաբար բնորոշում, ճանաչի Թուրքիայի մութ անցյալը և ներողություն խնդրի իր երկրի հանցագործությունների համար»,- մասնավորապես, գրում է գիտնականը:

Նա փաստում է, որ Թուրքիայի «ներողությունների» ցուցակը շատ երկար է: «Այն շարունակում է օկուպացված պահել Հյուսիսային Կիպրոսը` ԵՄ-ի անդամ պետության տարածքը` գրավելով այդ հողակտորը ագրեսիայի միջոցով, որն ավարտվեց էթնիկ զտումներով և ապօրինի վերաբնակեցմամբ: Բայց, փաստորեն, կրկին ոչ մի ներողություն:

Թուրքիան նաև ոտնահարում է իր միլիոնավոր քուրդ քաղաքացիների հիմնարար իրավունքները` խտրականություն դրսևորելով նրանց նկատմամբ»,- գրում է Օթոլենգին:

Հեղինակը հոդվածը եզրափակում է հետևյալ խոսքերով. «Առակս ինչ կցուցանե: Երբ քեզ ցլի պես ես պահում, չպետք է ապրես սպասքի խանութում: Եվ եթե ապրում ես ապակե տանը, երկու անգամ մտածիր նախքան հարևաններիդ վրա քար նետելը: Պարոն Էրդողանը ներողությո՞ւն է պահանջում : Այդ դեպքում ինքը թող սկսի գոնե մեկ ներողությունից»: