Home / Հայաստան / «Հայկական ժամանակի» գույքի վրա կալանք է դրվել

«Հայկական ժամանակի» գույքի վրա կալանք է դրվել

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այսօր օրվա երկրորդ կեսին կալանք է դրել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության գույքի և հաշիվների վրա: Վաղը «ՀԺ»-ն պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Լևոն Սարգսյանին ու Սամվել Ալեքսանյանին կվճարի 2 միլիոն 44 հազաական դրամ:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ԱՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը դատարանի վճռի համաձայն ստիպված է 2 միլիոն 44 հազարական դրամ վճարել ԱԺ երեք պատգավորներին` Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին, քանի որ, դատարանի որոշմամբ,  օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Երեք պատգամավորները «Հայկական ժամանակից» պահանջել էին հերքել հրապարակումը և փոխատուցել ստացված բարոյական վնասը:

Համաձայն հոդվածի, Ռուսաստանի իրավապահ մարմինները ցուցակ են կազմել, որում ընդգրկված են եղել տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են եղել` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան և Լևոն Սարգսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: «ՀԺ»-ի հրապրակման համաձայն, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ, ով տրամադրել է այդ տեղեկությունները:

Կատարելով դատարանի վճռի մյուս պահանջը՝ թերթն այսօրվա համարի առաջին էջին տպագրել է «Հայկական ժամանակի» անցած տարվա հոկտեմբերի 14-ի համարում «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հրապարակման հերքումը:

Դատարանի սահմանած գումարը` 6 միլիոն 234 հազար դրամը վճարելու համար հօգուտ «Հայկական ժամանակի» վերջին ամսվա ընթացքում հանգանակություն էր անցկացվել և խմբագրությանը հաջողվել էր հավաքել ողջ գումարը:

Tekali Taxi