Գլխավոր / Հայաստան / Հայաստանում վերնախավի փոփոխության մեծ ծրագիր է իրականացվում

Հայաստանում վերնախավի փոփոխության մեծ ծրագիր է իրականացվում

Հայաստանի ղեկավար մարմինների փոխատեղումները պատահական բնույթ չեն կրում, ինչպես փաստում են շատ ԶԼՄ-ներ ու տարբեր վերլուծաբաններ: Սա վերնախավի փոփոխման մեծ ծրագիր է, որը մտածված էր 2008 թվականի նախագահական ընտրություններից անմիջապես հետո և սկսել է գործել մեկ տարի առաջ: Այս մասին լրագրողներին պատմել է Երևանի Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով տեղի ունեցող իրադարձությունները օլիգարխիան իշխանություններից հեռացնելու գործընթաց է որակել:

Միաժամանակ նա ընդգծել է, որ դա նախընտրական արշավի մաս չի կազմում, ընդհակառակը, մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են այդ գործընթացի մաս կազմում:

«Այն օլիգարխներին քաղաքական որոշումներ ընդունելուց հեռացնելու փորձ է: Գործընթացի բարդությունը կայանում է նրանում, որ տվյալ պարագայում իշխանությունը պայքարում է ոչ թե ընդդիմության, այլ ինքն իրեն հետ, քանի որ այդ տնտեսական լոբբիստական խմբերը իր ներսում են գտնվում, իշխող կուսակցության մեջ»,-նշել է Իսկանդարյանը:

Փորձագետը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ, երբ օրինակ փոխում էին արդարադատության նախարարին, ինքը չէր կարող խոսել լուրջ փոփոխությունների մասին, բայց այն բանից հետո, երբ հրաժարական տվեց խորհրդարանի նախագահը` երկրի երկրորդ դեմքը`գործընթացը ակնհայտ դարձավ: «Ես չեմ ասում, որ գործընթացն ավարտված է, կամ որ այն կհաջողվի: Մենք այդ գործընթացի ներսում ենք, և դա ներկայումս Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր երևույթն է»:

Այն հարցին, թե այս իրավիճակում որքան վճռական է տրամադրված երկրի ղեկավարը, Իսկանդարյանը պատասխանել է. «Ես նախագահի հետ առանձնազրույցներ չեմ ունենում: Ես դատողություններ եմ անում հրապարակումներից և հրապարակային ելույթներից: Նման հեղափոխական փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ առանց նախագահի համաձայնության, դրանք նախագահական ապարատից են գալիս: Միայն նա կարող էր նախաձեռնել այս գործընթացը: Մենք ոչ Շվեյցարիա ենք, ոչ էլ Հոլանդիա, բայց միաժամանակ, մենք ոչ Թուրքմենիա ենք, ոչ Ադրբեջան, և ոչ էլ Ռուսաստան, որպեսզի լուրջ հարցերը գրիչի մեկ հարվածով լուծվեն: Այդ իսկ պատճառով քաղաքական պայքար է ընթանում: Իսկ այն, ինչ տեղի է ունենում, պայքար է, քանի որ հեռացող մարդիկ միշտ չէ, որ համաձայն են այդ որոշման հետ»:

Ինչ վերաբերում է այս գործընթացում ընդդիմության դերին`ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, ապա այն, վերլուծաբանի խոսքով, կախված է խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցության արդյունքներից:

Tekali Taxi