Home / Հայաստան / «Բարսայի» ֆուտբոլիստները ուրախացրեցին երկրաշարժից տուժած երեխաներին

«Բարսայի» ֆուտբոլիստները ուրախացրեցին երկրաշարժից տուժած երեխաներին

Երեքշաբթի իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացողները իրենց երեկոն անցկացրել են Ֆուկուսիմայի միջուկային աղետից տուժած երեխաների հետ: Նշենք, որ «Բարսան» Ճապոնիա է ժամանել Յոկոհամայում անցկացվող  Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու նպատակով:

Մարտի 11-ի երկրաշարժից և ցունամիից հետո 9-18 տարեկան երեխաները Տոկիոյում են ապրում` աղետից տուժածների համար նախատեսված բնակավայրերում: Նրանցից շատերը կորցրել են հարազատներին, իսկ Ֆուկուսիմայի շրջակա տարածքներում վերականգնողական աշխատանքները դեռևս շարունակվում են:

«Ուրախ եմ, որ կարողացանք հանդիպել երեխաներին», – ասել է Բարսելոնայի պաշտպան  Խերարդ Պիկեն: «Հիանալի է, որ կարողացանք ուրախացնել նրանց»:

Ֆուտբոլայն աստղերը` Լիոնել Մեսսիի և Չավիի գլխավորությամբ, երեխաներին նվիրել են «Բարսելոնայի» մարզաշապիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված են եղել երեխաների անունները:

«Մեսսին այնպիսին էր, ինչպիսին ես իրեն պատկերացնում էի»,- ասել է 17-ամյա Հիկարի Նիցուման, ով սեղմել է Մեսսիի ձեռքը: «Չեմ կարծում, որ կկարողանամ այլևս ձեռքս լվանալ»,-հավելել է նա: