Գլխավոր / Հայաստան / Քաղաքապետը Հրազդանը վերածել է «մեռած հոգիների քաղաքի». ընդդիմությունը հավատում է հաղթանակին

Քաղաքապետը Հրազդանը վերածել է «մեռած հոգիների քաղաքի». ընդդիմությունը հավատում է հաղթանակին

Փետրվարի 12-ին Հրազդանում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 25-ից: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչներ` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և նրա խորհրդական Հովհաննես Պրտավյանը, ինչպես նաև անկուսակցական Սասուն Միքայելյանը, ով ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է:

Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբում լինելու է կոլեգիալ ղեկավարում` այսինքն` նշանակվելու են պատասխանատուներ ըստ ուղղությունների: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Միքայելյանի նախընտրական շտաբի լրատվության և քարոզչության հարցերի պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանը:

Վերջինս նշել է, որ քարոզարշավի ժամանակ  իրենք օգտագործելու են քարոզչության բոլոր հայտնի մեթոդները` բակային և դահլիճային հանդիպումեր, հեռուստատեսային ելույթներ, բուկլետներ, նախընտրական տեսահոլովակներ և այլն:

«Պատրաստվում ենք նորմալ ընտրություններ կազմակերպել: Մենք ունենք ժողովրդի լայն զանգվածի աջակցությունը: Իսկ գործող քաղաքապետը, ով 10 տարի աշխատել է, ոչ մի լավ բան չի արել քաղաքի համար, կամ չի կարողացել անել: Մենք այս ընտրապայքարի մեջ մտել ենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն ինչ-որ բանի: Եվ այդ պայքարում մենք հաղթելու ենք: Սա, առաջին հերթին, ոչ թե քաղաքական պահանջ է, այլ` կենսական: Հրազդանը վերածվել է «մեռած հոգիների քաղաքի», քանի որ գործող քաղաքապետը գործնականում ոչինչ չի արել», — ասել է Մեսրոպ Մեսրոպյանը:

Նա տեղեկացրել է, որ Արամ Դանիելյանը դեռևս նախորդ ընտրություններից առաջ խոստացել էր, որ կվերանորոգի Հրազդանի քաղաքապետարանի դիմացի այգին, սակայն այգին մինչ օրս կիսակառույց վիճակում է:  Բացի դա, Դանիելյանի  օրոք օտարվել է Հրազդանի կինոթատրոնը, և այդ շենքում այժմ տաքսի ծառայության գրասենյակ է, կիսավեր վիճակում է նաև քաղաքի էներգետիկների պալատը: