Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցների հարցում Ադրբեջանը միանշանակ պետք է Արևմուտքին սատարի, հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական բարեփոխումների կուսակցության առաջնորդ Ասիմ Մոլազադեն:
«Մենք ցավում ենք, որ ադրբեջանական կառավարությունը մինչ այժմ իր վերաբերմունքը չի հայտնել Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցների վերաբերյալ և չի սատարել իր դաշնակիցներին: Արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը առաջնայնություն պետք է տա ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համագործակցությանը և ոչ թե Աֆրիկական միությանը կամ Իրանի պես բռնապետական երկրին»,- քաղաքական գործչի խոսքերն է փոխանցում 1news.az-ը:
Մոլազադեն մեղադրել է Թեհրանին ղարաբաղյան պատերազմում հայկական կողմին սատարելու, ինչպես նաև Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ:
Խոսելով հակաիրանական պատժամիջոցներին միանալու դեպքում կանխատեսվող հետևանքների և Իրանի կողմից Նախիջևանի շրջանի հնարավոր գազային և էներգետիկ արգելափակման մասին` նա նշել է, որ «եղբայր Թուրքիան կանի ամեն հնարավոր բան` այդ տարածաշրջանը գազով և էլեկտրականությամբ ապահովելու համար»: