Ղարաբաղյան հարցոււմ միջնորդությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ներգրավված են ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան, այն մեխանիզմն է, որը արտացոլում է Realpolitik գաղափարը: Այս մասին 1news.az կայքի հետ զրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ Վիտալի Ժուրավլյովը:
Քաղաքագետը դժվար է պատկերացնում բանակցությունների ձևաչափի փոփոխությունը: «Ինչպե՞ս կարելի է փոփոխել գոյություն ունեցող ձևաչափը: Որպես միջնորդ հրավիրել Չինաստանի՞ն, Իրանի՞ն, Թուրքիայի՞ն, Գերմանիայի՞ն: Իսկ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումնե՞րը: Արհամարհե՞լ դրանք: Այդ դեպքում այս երկրները քաղաքական ճնշում կգործադրեն Բաքվի վրա` դրանից բխող բոլոր հետևանքներով: Դեռ ավելին, եթե Ֆրանսիային դեռևս կարելի է ինչ-որ կերպ մի կողմ հրել (ինչը նույնպես ցանկալի չէ), ապա ԱՄՆ-ի հակազդեցությունը ճակատագրական հետևանքներ կունենա Ադրբեջանի համար` հատկապես, հաշվի առնելով այն, որ երկիրը չի հանդիսանում այնպիսի ինտեգրացիոն կառույցների անդամ, ինչպիսին են ՀԱՊԿ-ը և ԵվրԱզԷս-ը: Բացի դա, եթե անգամ տեսականորեն ենթադրել նոր միջնորդների առկայությունը, փաստ չէ, որ նրանց գործունեությունն ավելի արդյունավետ կլինի»:
Նա նաև նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրում «հակամարտության կարգավորման ենթակառուցվածք» է ստեղծվել, որն ընդգրկում է քաղաքագետների, դիվանագետների, փորձագետների, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և որն ապրում է իր սեփական, երբեմն գործընթացներից անկախ կյանքով: «Այստեղից էլ ծագում են այսքան տարատեսակ դրույթները, չհիմնավորված նախաձեռնությունները, չարդարացված ակնկալիքները, դրա հետ մեկտեղ իսկապես էական կարևորություն ունեցող փաստերի անբարար գնահատումը»,- ասել է փորձագետը:
Ժուրավլյովի կարծիքով` խնդրի լուծման հարցոմ բեկումնային տեղաշարժ ակնկալել պետք չէ, իսկ առաջնորդների հանդիպումները ավելի շատ փիառին են ուղղված, քան հիմնախնդրի կարգավորմանը: