հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նախագահականի մոտ նստացույցը շարունակվեց մինչև 19:30. մարդիկ պատրաստվում են վաղը կրկին գալ (թարմացված)

Նախագահականի մոտ նստացույցը շարունակվեց մինչև 19:30. մարդիկ պատրաստվում են վաղը կրկին գալ (թարմացված)

Ժամը 19:00-ի դրությամբ նախագահական նստավայրի դիմացի մայթին դեռևս շարունակվում է Բուզանդի, Արամի, Եկմալյան և Սարյան փողոցների խաբված բնակիչների նստացույցը:

Epress.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասել են, որ իրենք ապասում են  Սերժ Սարգսյանի պատասխանին:

«Դեռ երեկ մենք համոզված էինք, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ այս ամենին, բայց այսօր համոզվեցինք, որ մեր իշխանավորներն անում են հնարավոր ամեն բան՝ մարդկանց հունից հանելու ու Հայաստանից հեռացնելու համար: Ինչքան քիչ մնան բողոքողներն ու իրենց դիմակը պատռողներն, այնքան ավելի լավ», – ասել է 60-ամյա Ֆլորան:

Նստացույցի դիմած բնակիչները տեղեկացրել են, որ նախագահական նստավայրից իրենց ոչ ոք չի մոտեցել, միայն ոստիկանները ժամանակ առ ժամանակ մոտենում և հորդորում են դադարեցնել նստացույցն ու հեռանալ:

«Ոստիկաններն ասում են՝ ցուրտ է, տուն գնացեք, բայց ո՞ւր գնամ, միևնույն է տուն չունեմ, ավելի լավ է գիշերեմ այստեղ, մինչև նախագահականում կհասկանան ու հաշվի կնստեն մեզ հետ», – ասել է ակցիայի մասնակից Մարիաննա Ամիրջանյանը:

Չնայած դրան, ակցիայի մասնակիցները 19:30-ի դրությամբ որոշել են հեռանալ նախագահական նստավայրի մոտից, առավոտյան բողոքի ակցիան շարունակել ՀՀ կառավարության շենքի մոտ, և կրկին վերադառնալ Բաղրամյան փողոց:

Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Դեպքի առնչությամբ անցյալ տարվա վերջին քրեական գործ են հարուցել, Պապոյանը փախուստի է դիմել: Բնակիչները Epress.am-ին պատմել են, որ ՀՔԾ-ում իրենց ասել են, թե գործը կարող է ամիսներ տևել, քանի որ դեպքերի առնչությամբ հարյուրավոր անձանց պետք է հարցաքննել: