2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Հայաստանում դեղի անվան տակ կավիճ չեն վաճառում, պնդում են նախարարությունում

Կավիճը դեղի անվան տակ վաճառելու մասին  տեղեկությունները որևէ կերպ չեն հաստատվել, քանի որ չկա սկզբնաղբյուրը: Դեղերի շուկայում ԱԱԽ-ի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքում արված ուշագրավ բացահայտումները որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

Ավելի վաղ ԱԱԽ-ն, ուսումնասիրություններ անցկացնելով դեղերի շուկայում, բացահայտումներ էր արել. մասնավորապես, որ դեղերի անվան տակ հաճախ վաճառվում է սովորական կավիճ:

«Կավիճը նշանակում է, որ դեղը կեղծված է, իսկ կեղծված լինելու եզրակացությունը պետք է լինի լաբորատոր փորձաքննությունից հետո, սակայն պետք է նշեմ, որ մեզ մինչ այժմ այս խնդրով ոչ ոք չի դիմել»,- ասել է Քրմոյանը:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման խնդիր չկա, դեղերն արդյունավետ ու անվտանգ են», - հայտարարել է նա:

Քրմոյանի խոսքով` Հայաստանը միակն է ԱՊՀ շրջանակներում, որ իր սահմանին դեղի յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկում է լաբորատոր ստուգման:

«Դեղերի կեղծված լինելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ թե ներկրված, թե տեղական արտադրության բոլոր դեղերի անվտանգությունն այս պահին ապահովված է», - հայտարարել է Քրմոյանը:

Քրմոյանը հիշեցրել է, որ ցանկացած կասկածելի դեղամիջոցի հայտնաբերման դեպքում իրենք պատրաստ են ընդունել  քաղաքացիների դիմում-բողոքներն ու անհրաժեշտության դեպքում դրանք ենթարկել լաբորատոր փորձաքննության` իսկությունը պարզելու համար:

«Դեղերի կեղծման մեջ մեղադրվող ցանկացած անձի նկատմամբ օրենսդիրը խիստ քրեական պատասխանատվություն է սահմանել` առանց որևէ հետևանքի, այսինքն` հայտնաբերվել է կեղծ դեղամիջոցը, դրա շրջանառության մեջ մեղադրվող անձը արդեն  ենթարկվում է պատասխանատվության, անգամ, եթե գնորդը չի ընդունել տվյալ դեղամիջոցը», - եզրափակել է Քրմոյանը: