Home / Հայաստան / «Հայկական ժամանակ» թերթի լրագրողը մեկուսարանում է. կիրառվել է կալանք (թարմացված)

«Հայկական ժամանակ» թերթի լրագրողը մեկուսարանում է. կիրառվել է կալանք (թարմացված)

Այս պահին «Հայկական ժամանակ» ընդդիմադիր օրաթերթի թողարկումների պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանին ՀՀ ոստիկանության «Կենտրոն» բաժնից տեղափոխում են «Նուբարաշենի» մեկուսարան: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք:

ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնեց, որ լրագրողին մեղադրում են ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ: Առաջին հոդվածով մեղավորը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Երկրորդ հոդվածի համաձայն, մեղավորը նույնպես պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Գևորգյանին բերման են ենթարկել այսօր առավոտյան իր տան բակից: Նա վարում է «Նիվա» ավտոմեքենա:

Մեր տեղեկություններով, Հայկ Գևորգյանը մի քանի օր ոստիկանության կողմից հետախուզման մեջ է եղել, բայց չի կալանավորվել, չնայած որ հաճախել է աշխատանքի և հոդվածներ է հեղինակել «Հայկական ժամանակում»: Նշենք, որ ոստիկանության Կենտրոնի բաժինը գտնվում է օրաթերթի խմբագրության հարևանությամբ: Հունվար ամսվա ընթացքում Գևորգյան ինչ-որ հարցով կանչվել է ոստիկանության բաժին, բացատրագիր է գրել: Այդ ժամանակ նրան բերման չեն ենթարկել և չեն կալանավորել:

Նշենք, որ Հայկ Գևորգյանի որդին` Վահագն Գևորգյանն այժմ անցնում է որպես մեղադրյալ օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այդ օրը Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել, իսկ հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը: