Գլխավոր / Հայաստան / Վերաքննիչ դատարանը մերժեց խաբված սփյուռքահայ գործարարի հայցը

Վերաքննիչ դատարանը մերժեց խաբված սփյուռքահայ գործարարի հայցը

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի իրեն տուժող ճանաչելու  հայցը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի որոշումը:

Հիշեցնենք, որ Խուդյանն իր բողոքում նշում է, որ ընկերությունը կանխամտածված   սնանկության են տարել իր մի քանի գործընկերներ, այդ թվում` իր մանկության ընկեր Էդուարդ Եսայանը, որը Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ընկերության տնօրենն է եղել:

Այսօրվա դատավճիռը մեկնաբանելով` Խուդյանի դատապաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Epress.am-ի հետ զրույցում  դատարանի որոշումը անհիմն ու անհասկանալի է համարել` հաշվի առնելով, որ երեկ գործի լսումների ժամանակ կողմը դատարանին ներկայացրել է  բոլոր կեղծ փաստաթղթերը, որոնք ապացուցում են Խուդյանի դեմ կազմակերպված դավադրությունը:

«Մենք երեկ ցույց տվեցինք դատարանին, որ այն փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ Էդմոնդ Խուդյանը 261 միլիոն դրամ պարտք ունի, կեղծ են, քանի որ, այդ փաստաթղթերի ստորագրման ժամանակ Խուդյանը Հայաստանում չի եղել»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Այժմ այդ պարտքը վերադարձնելու պահանջով Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ներդրումային ընկերության հետ գործարք կնքած «Վերկենտռու» շինանարարական ընկերությունը դիմել է դատարան և գործը ընդունվել է վարույթ:  Քանի որ քննչական մարմինը չի իրականանացնում փորձաքննությունը և չի ընդունում, որ փաստաթղթերը կեղծ են, հավանական է, որ այդ պարտքը Էդմոնդ Խուդյանից կառգրավվի:

Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ իրենք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան` Էդմոնդ Խուդյանին տուժող ճանաչելու հայցով և դիմելու են նաև առաջին ատյանի դատարան` վիճարկելու համար քննչական մարմնի` Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկային ծառայության քննչական վարչության անգործությունը: