Գլխավոր / Հայաստան / Դուբայից Երևան «ճանապարհորդող» ինքնաթիռն այսօր վայրէջք կկատարի «Զվարթնոցում»

Դուբայից Երևան «ճանապարհորդող» ինքնաթիռն այսօր վայրէջք կկատարի «Զվարթնոցում»

Այսօր տեղական ժամանակով 16:30-ին Դուբայից կմեկնի և Հայաստանի ժամանակով 19:35-ին Երևան կժամանի «Flydubai» ավիաընկերության ինքնաթիռը, որի 140 ուղևորները երեկվանից «ճանապարհորդում են» Դուբայից Երևան և հակառակը:

Երեկ երեկոյան ժամը 20:00 դրությամբ Դուբայ-Երևան չվերթն իրականացնող «Flydubai» ավիաընկերության ինքնաթիռը մի քանի անգամ փորձել է վայրեջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում և առնվազն 40 րոպե հայաստանյան  երկնքում պտտվելուց հետո ստիպված է եղել  հարկադիր վայրեջք կատարել Իրաքի Էրբիլ քաղաքում: Այս մասին Epress.am-ի հետ  զրույցում ասել է «Flydubai» ավիաընկերության տնօրեն Վաչագան Սարկիսյանը:

«Երեկ օդանավակայանի պայմանները բավարար էին, սակայն չէին համապատասխանում այն նվազագույն անվտանգության կանոններին, որոնք պահանջվում են «Flydubai» ավիաընկերության կողմից՝ անվտանգ վայրեջք կատարելու համար: Ինքնաթիռը օդում սպասել է, մինչև վազքուղին մի քանի անգամ մաքրվել է, բայց անգամ մաքրումից հետո  եղած չափանիշները բավարար չեն եղել վայրէջքն իրականացնելու համար: Քառասուն րոպե օդում պտտվելուց հետո  ինքնաթիռը շեղվել և տարվել  է «Flydubai» ավիաընկերության ցանկով նշված որպես այլընտրանքային անվտանգ՝  Իրաքի էրբիլ  քաղաքի օդանավակայան», — պատմել է Սարկիսյանը:

Նրա հավաստմամբ՝  այս օդանավակայանը ուղղակի պատահական սկզբունքով չի ընտրվել՝ «Flydubai»-ն ունի կանոնավոր չվերթներ Էրբիլ:

«Էրբիլ քաղաքում վայրէջք կատարելը պայմանավորված էր նրանով, որ «Flydubai»-ն  ունի այլընտրանքային օդանավակայնների իր ցանկը և, քանի որ Հայաստանից հետո ցանկով նախատեսված է Վրաստանի «Թբիլիսի» օդանավակայանը, որտեղ նույն եղանակային պայմաններն էին, հետևաբար բացառվեց վայրէջքը նաև հարևան հանրապետության օդանավակայանում», —  տեղեկացրել է նա:

Էրբիլում տեխնիկական վայրէջքից հետո ինքնաթիռը լիցքավորվել է և վերջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկանալով օդակայանի նույն նվազագույն տվյալների մասին, ավիաընկերությունը որոշում է կայացրել անվտանգությունից ելնելով ինքնաթիռը հետ կանչել Դուբայ:

«Այսօր առավոտյանի ժանը 5-ին Դուբայ հասած ինքնաթիռի բոլոր  ուղևորները գտնվում են ավիաընկերության հսկողության տակ: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն են հայտնել դուրս գալ օդանավակայինց, ավիաընկերությունը ընձեռել է այդ հնարավորությունը, իսկ օդակայանում մնացածներին 4 ժամը մեկ տրամադրվում է անվճար սնունդ: Ցանկացած հարց, որ կապված է ուղևորների հետ, հոգում է ավիաընկերությունը: Այսօր՝ սահմանված ժամին օդանավը վայրէջք կկատարի Զվարթնոցում, իսկ երեկոյան 20:20 Դուբայ կմեկնի հաջորդ  ինքնաթիռը», — պատմել է ավիաընկերության տնօրենը: