Գլխավոր / Հայաստան / ԿԺԴՀ-ում նախկին առաջնորդների հուշարձանը կանգնեցրին. ժառանգը չկար

ԿԺԴՀ-ում նախկին առաջնորդների հուշարձանը կանգնեցրին. ժառանգը չկար

Հյուսիսային Կորեայի ազգային բանակի գեներալներն ու ավագ սպաները, կուսակցական վարչակազմի և կառավարության ներկայացուցիչներն այսօր մասնակցել են երկրի նախկին առաջնորդներ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի (նկարում) հիշատակին նվիրված բրոնզե հուշարձանի բացման արարողությանը:

Կիմ Իր Սենը հանդիսանում է Հյուսիսային Կորեայի հիմնադիրը, ղեկավարել է երկիրը 1948-1994 թվականներին: 1972 թվականին դարձել է երկրի նախագահը:  Նրա որդին` Կիմ Չեն Իրը, հոր մահից հետո երկրի ղեկավարությունը վերցրեց իր ձեռքը: Ղեկավարել է Հյուսիսային Կորեն 1994-2011 թվականներին: Կիմ Չեն Իրը մահացավ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին: Այժմ երկրի նոր ղեկավար է դարձել նրա որդին` Կիմ Չեն Ինը:

«Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի փոխանցմամբ` հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Պխենյանի կենտրոնում և նվիրված է եղել Կիմ Չեն Իրի 70-ամյակին, որը կնշվի փետրվարի 16-ին` որպես Փայլող Աստղի օր:

Հանգուցյալ առաջնորդի իրավահաջորդ Կիմ Չեն Ինը չի մասնակցել հանդիսավոր արարողությանը, բայց նրա անունից հուշարձանի մոտ տեղադրվել է ամենամեծ ծաղկեպսակը:

Նշենք, որ օրեր առաջ լուրեր տարածվեցին, մասնավորապես Twitter միկրոբլոգում, այն մասին, որ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ինը սպանվել է:

Ըստ լուրերի, նա իբրև թե հարձակման էր ենթարկվել Պեկինում` Հյուսիսային Կորեայի դեսպանատանը, իսկ նրա մարդասպանը սպանվել էր ԿԺԴՀ-ի առաջնորդի թիկնապահների կողմից: Այս լուրերը հետագա օրերին ոչ հերքվեցին , ոչ էլ հաստատվեցին Կորեական իշխանությունների կողմից, իսկ հուշարձանի բացման արարողությանը Կիմ չեն Ինի բացակայությունը կարող է ավելացնել նրա սպանության վերաբերյալ կասկածները: