2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Պուգաչյովան դեմ չէ Ռուսաստանի առաջին տիկինը դառնալ, բայց «երկար ժամանակով զբաղված է»

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի էստրադային երգչուհի Ալլա Պուգաչյովան խոստացել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի համար կին գտնել` միաժամանակ նշելով, որ ինքը դեմ չէր լինի Ռուսաստանի Առաջին տիկինը դառնալ, սակայն չի կարող, որովհետև «երկար ժամանակով զբաղված է»: Այս մասին Պուգաչյովան հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ըստ էության, առաջին տիկինը պետք է ես լինեմ, բայց ես երկար ժամանակով զբաղված եմ: Իսկ իմ նման երկրորդը գտնելը շատ բարդ է»,- ասել է Պուգաչյովան:

Նա նաև նշել է, որ Պրոխորովի համակիրները, այդ թվում և ինքը, կօգնեն նրան հարսնացուի որոնման հարցում:

«Թող անկեղծորեն իր համար արժանի կին գտնի… մենք նրան կօգնենք»,- ասել է երգչուհին:

Ըստ Պուգաչյովայի` Պրոխորովի արժանիքներից մեկը, սակայն, հենց չամուսնացած լինելն է: Նրա կարծիքով` վատ չի լինի, եթե Պրոխորովը որոշ ժամանակ երկրի հետ ամուսնացած լինի, «թե չէ, կգա ինչ-որ մի լեդի, մի բան էն չի ասի, իսկ նա (Պրոխորովը) կրկին մեղավոր կլինի»:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին` արդյոք չի ուզում Պուգաչյովան դառնալ մշակույթի նախարար Պրոխորովի հաղթանակի դեպքում, նա պատասխանել է, որ առհասարակ չի ցանկանում նախարար լինել: