2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Կոնդեցիներին էլ են «քցել». խաբված բնակարանատերերը շատանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց` պահանջելով վերականգնել իրենց սեփականության իրավունքը:

Նրանք նշում են, որ 2007թ. դեկտեմբերին 215 ընտանիքներ պայմանագիր են կնքել քաղաքապետարանի և մի լիբանանցի գործարարի հետ` պայմանով, որ իրենց քանդված տների տեղը կառուցվելիք բնակելիներում կունենան բնակարաններ:  Ըստ ծրագրի` շենքերը պետք է պատրաստ լինեին պայմանագիրը կնքելուց հետո 30 ամսվա ընթացքում, սակայն, թեև արդեն 4 տարի է անցել, շենքի միայն առաջին հարկի շինարարություն  է սկսվել ու կիսատ մնացել, քանի որ լիբանանցի գործարարը, որի անունը բնակիչները չգիտեն, հողերը կառուցապատման համար հանձանել է «Դաունթաուն» ընկերությանը, որը, իր հերթին, լուծարվել է:

«Դաունթաունի» լուծարումից հետո հայտվել է «Ամերիկան Բիլդինգ Դեվելոփմենթ» կոչվող մի նոր շինարարական ընկերություն, ով պատրաստակամություն է հայտնել իրականացնել շինարարությունը: Ինչպես նախկինում պայմանագիր կնքած 215 ընտանիքները, այնպես էլ Կոնդի ևս 85 ընտանիքներ, որոնք դեռ բնակվում են իրենց տներում և նույն գործընթացում նույնպես հանձնել են իրենց սեփականության իրավունքները քաղաքապետարանին, նրանք նախորդ շաբաթ նամակով դիմել են Երևանի քաղաքապետարանի Ծրագրերի իրականացման գործակալություն (ԾԻԳ):

Նամակով կոնդեցիները խնդրել են «Ամերիկան Բիլդինգ Դեվելոփմենթին» վստահել գործը, կամ մեկ այլ կազմակերպության, և վերջապես կառուցել շենքը և իրենց հանձնել բնակարանները: Պատասխան նամակում ԾԻԳ նախագահ Լևոն Հակոբյանը նշել է, որ նման հանձնում կարող է արվել երկու ընկերությունների միջև ուղիղ բանակցությունների միջոցով միայն:

«Մենք պետության հետ ենք պայմանագիր կնքել, քաղաքապետ Զախարյանի հետ ենք կնքել: Մեզ չի հետաքրքրում` ինչ է եղել «Դաունթաունի» հետ: Մեզ հիմա արդեն փող էլ չեն տալիս մեր տան վարձերը տալու համար: Մեզ ասում են` գտեք էն լիբանանցուն, ով գնել է սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող 26000 ք/մ տարածքը: Ասում են` դիմեք Ժնևի արբիտրաժ: Մենք պետությանն ենք վստահել ու կնքել պայամանգիր: Թող մեր խնդիրը լուծեն», - ասել է բողոքի ակցիայի մասնակցիներից Իրինա Նազիմյանը:

Կառավարության շենքի մոտ կանգնած կոնդեցիները իրենց խնդիրը ներկայացրել են   օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: Վերջինս ասել է, որ  հանրային գերակա շահի հետ կապված սեփականության իրավունքի խախտումենրի հարցով դիմել է կառավարությանը և ակնկալում է, որ վերջինս օրենսդրական փոփոխությունների գնա:

«Պետությունը վստահեցնում է իր քաղաքացիներին, սակայն մեխանիզմ չի ստեղծում, որպեսզի մասնավորը իր պարտավորությունները իրականացնի: Վերձրեք ձեր  բոլոր փաստաթղթերը, եկեք վաղը ՄԻՊ գրասենյակ», - հրավիրել է Կարեն Անդրեասյանը` միևնույն ժամանակ նշելով, սակայն, որ խնդիրը միայն դատական կարգով է հնարավոր լուծել:

Այս դիտարկմանը կոնդեցիները հակադարձել են` ասելով, որ ոչ փող ունեն դատարան դիմելու, ոչ էլ վստահում են դատական համակարգին:

Կոնդեցիները պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները:

Հիշեցնենք, որ տարվա սկզբին ՀՀ կառավարության շենքի և նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիաներ էին անցկացնում Սարյան, Բուզանդ, Արամի և Ամիրյան փողոցների խաբված բնակիչները: 2006 թվականին նրանք դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Պապոյանն այժմ ձերբակալված է, ընթանում է քննություն: