Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելը Սամվել Ալեքսանյանի «հավեսից ա կախված». հարցազրույց
«Երկիր» օրաթերթը առաջիկա խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ զրուցել է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ:
-Պարոն Ալեքսանյան, երևի տեղյակ եք, որ թիվ 7 ընտրատարածքում իր թեկնածությունն էր առաջադրել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը. հաշվի առնելով Ձեր լավ հարաբերությունները, կցանկանայինք իմանալ`ո՞ւմ հետ Ձեզ ավելի հաճելի կլիներ պայքարել` Հովհաննիսյանի՞, թե՞ Փաշինյանի:
-Ես ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ:
- Նաև Նիկոլ Փաշինյանի՞, նրա հե՞տ էլ եք լավ հարաբերությունների մեջ:
- Ես բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ, Նիկոլի հետ էլ:
- Բայց նրա վերջին ասուլիսից, անկեղծ ասած, տպավորությունն այնպիսին չէր, որ լավ հարաբերությունների մեջ եք:
- Դե, ես ի՞նչ անեմ, որ ինքն իրան էդ ձև ա պահում, ես ի՞նչ ասեմ:
- Ո՞ր դեպքում կհամաձայնեք բանավիճել նրա հետ:
- Հավեսից ա կախված, իմ ժամանակից…
- Անցած հարցազրույցի ժամանակ ասացիք, որ ընտրակաշառք չեք բաժանելու:
- Բայց ինձ փող որտեղի՞ց, որ բաժանեմ: Համ էլ օրենքով չի թույլատրվում:
- Բայց եթե չբաժանեք, կանցնե՞ք:
-Ես պրոբլեմ չունեմ: Ժողովուրդը ինձ սիրում ա:
- Ըստ ձեզ, Նիկոլ Փաշինյանն ինչքա՞ն ձայն կհավաքի:
- Էդ հարցն էլ ժողովրդին պետքա տաս, բայց ես գիտեմ, որ ոչ մի բան էլ չի հավաքելու: Իմ համայնքի ամեն մի խնդրին ես տեղյակ եմ ու լուծել եմ: Համայնքի բնակիչների 90 տոկոսին դեմքերով գիտեմ…
- Փաշինյանից բացի, ևս երկու մրցակից ունեք:
- Այո, ու իմ մրցակիցը Նիկոլը չի, իմ միակ մրցակիցը Վարդան Վարդանյանն ա:
- Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանին. փաստորեն, կարողացաք համոզել (առաջադրվել):
- Ինքն իմ ընկերն ա, իմ ախպերն ա, զրուցել ենք իրար հետ ու համաձայնվել ա:
- Ո՞նց համոզեցիք:
- Գաղտնիք ա, չեմ բացի:
- Լավ, վերջում ինչ կասեք, համոզվա՞ծ եք, որ հաղթելու եք ընտրությունների ժամանակ:
-Հաղթելու եմ, «Փարվանայում» էլ քեֆ եմ անելու, Նիկոլին էլ կանչելու եմ քեֆի ու քանի որ լավ ա խոսում, իրան թամադա եմ դնելու: