Home / Հայաստան / Քլինթոնը ցավում է Ղարաբաղում յուրաքանչյուր կյանքի կորստի համար

Քլինթոնը ցավում է Ղարաբաղում յուրաքանչյուր կյանքի կորստի համար

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստանում է շարունակել ճնշումները Թուրքիայի նկատմամբ՝ կրոնական փոքրամասնություններից բռնագանձված ունեցվածքը վերադարձնելու համար, միաժամանակ ընդգծում է, որ Թուրքիայի իշխանությունները անցած մեկ տարում արդեն լուրջ առաջընթաց են արձանագրել այս ուղղությամբ։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` այս մասին Քլինթոնը հայտարարել է կոնգրեսական Հովարդ Բերմանի հարցին ի պատասխան, ով հետաքրքրվել էր` արդյոք պետքարտուղարը բավարարված է կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու և նրանցից խլված ունեցվածքը վերադարձնելու ուղղությամբ Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունից։

«Ես ընդունում եմ, որ կրոնական փոքրամասնությունները դեռևս մտահոգիչ մարտահրավերների են բախվում, այդուամենայնիվ, ոգևորված եմ այն կոնկրետ քայլերից, որ ձեռնարկում է Թուրքիայի կառավարությունը», – հայտարարել է պետքարտուղարը` հիշեցնելով, որ անցած տարի պաշտոնական Անկարան  հատուկ որոշում է ընդունել 75 տարի առաջ բռնագանձված ունեցվածքը վերադարձնելու մասին, եւ որ մի շարք եկեղեցիներ, սինագոգներ ու այլ հաստատություններ արդեն հանձնվել են իրենց օրինական տերերին։

Կոնգրեսականին տրված պատասխանում Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաեւ բարձր է գնահատել Թուրքիայում իրականացվող սահմանադրական փոփոխությունները, հատկապես այն փաստը, որ դրանց մասնակցում են երկրում ապրող փոքրամասնությունների առաջնորդները։

«Մենք կշարունակենք աչալրջորեն հետևել այս հարցերին և կխրախուսենք անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումները», – խոստացել է պետքարտուղարը։

Կոնգրեսական Հովարդ Բերմանը պետքարտուղարին հարց է ուղղել նաև ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, մասնավորապես, հետաքրքրվել` ինչ քայլեր է ձեռնարկում վարչակազմը, որպեսզի Ադրբեջանն ընդունի շփման գոտուց դիպուկահարներին հեռացնելու առաջարկը` «Միացյալ Նահանգների համար կարեւոր այդ տարածաշրջանում պատերազմի վերսկսումը կանխելու համար»։

Թեև կոնգրեսականը հարցում փաստել էր, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մի քանի անգամ համաձայնել է դիպուկահարների դուրսբերմանը, այդուամենայնիվ, Հիլարի Քլինթոնը իր պատասխանում չի առանձնացրել կողմերից որեւէ մեկին եւ զսպվածության կոչ է արել հավասարապես երկուսին էլ, նշում է «Ազատությունը»:

«Մենք ցավում ենք յուրաքանչյուր կյանքի կորստի համար և շարունակում ենք կոչ անել կողմերին` քայլեր ձեռնարկել, այդ թվում հեռացնել դիպուկահարներին` բանակցությունների մթնոլորտը բարելավելու, անցանկալի կորուստները կանխելու եւ հրադադարը ամրապնդելու ուղղությամբ», – հայտարարել է պետքարտուղարը, ընդգծելով. – «Այս խնդիրը ռազմական լուծում չունի, եւ միայն խաղաղ կարգավորումը կհանգեցնի տարածաշրջանում անվտանգության, կայունության ու հաշտության»։

Tekali Taxi