Home / Հայաստան / 20-րդ դար. Ցեղասպանություններ. Ռուսաստանը ծախեց, Թուրքիան ոչնչացրեց հայերին

20-րդ դար. Ցեղասպանություններ. Ռուսաստանը ծախեց, Թուրքիան ոչնչացրեց հայերին

«20-րդ դար. Ցեղասպանություններ» շարքի Հայոց Ցեղասպանության մասին հոդվածում ներկայացնում ենք նախորդ տարի ապրիլի 24-ին Epress.am-ում ականավոր հայ պատմաբան Լեոյի գրքից տպագրված հատվածը:

Գիրքը պատրաստվել և հրապարակվել է 2009 թվականին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի կողմից:

«Իմ գործը չէ այստեղ թեկուզ ամենահամառոտ կերպով ներկայացնել թուրքերի ձեռքով 1915-ին կատարված հայկական ջարդերն ու բռնի տեղահանությունները, որոնց զոհերի թիվը եվրոպական աղբյուրները հասցնում են, միջին թվով, մի միլիոնի։ Այս տեսակ մի ոճիր դեռ չէր կատարվել մարդ կոչված գազանի ձեռքով։ Միանգամից, մի քանի ամսվա ընթացքում, անհետացավ մի ամբողջ ժողովուրդ, որ տասնյակ դարերով ապրում էր իր հողի վրա։ Արյունով գրված հատորների մեջ կարող է ամփոփվել այս ոճիրը։ Շատ հատորներ գրվել են եվրոպացի «հայասերների» ձեռքով, շատերն էլ պիտի գրվեն», – այսպես է իր «Անցյալից» հուշագրության մեջ գրում Լեոն։

«Եվ նրանք ոչնչացան։ Որովհետև հավատացել էին։ Հավատացել էին անվերապահորեն, երեխայի պես, ինչպես միշտ տասնյակ տարիների ընթացքում։ Անտանտը, քանի կարելի էր և պետք էր խաբել հայերին, համարում էր նրանց իր դաշնակիցը։ Այսպես էին անվանում նրանց անգլիական, ֆրանսիական և ռուսական լրագրերը։ Այս բանին, դժբախտաբար, հավատացին հայերը։ Բայց ի՜նչ անամոթ խաբեբայություն… Պատերազմի ընթացքում նրանք իրար հետևից, հերթով ծախեցին իրենց այդ «դաշնակցին»։ Առաջին հերթում Նիկոլայի Ռուսաստանն էր», – Լեոյի գրքում ներկայացվում է Հայկական հարցի պատմությունը սկսած 19-րդ դարի 70-ական թվականներից: Ականավոր պատմաբանը միանգամայն այլ պատկեր է ներկայացնում, ոչ այն պատկերը, որը տարիների ընթացքում ամրագրում է պատմության պաշտոնական վարկածը:

Ներկայացնում ենք հատված գրքից, որում Լեոն պատմում է 1915 թվականի ապրիլյան իրադարձությունների դրդապատճառների և հետևանքների մասին:

«…դեպքերը գահավիժորեն գնում էին կործանումից դեպի կործանում։ Հետզհետե բացվում էր, թե ինչ սոսկալի խաբեության զոհ էին դարձել հայերը՝ հավատալով ցարական կառավարությանը և իրենց վիճակը վստահելով նրան։ 1915-ի վաղ գարնանից Թուրքահայաստանում դաշնակցականները սկսում էին գործադրել Վորոնցով-Դաշկովի (Կովկասի փոխարքա – Epress.am) ծրագրի ամենադժոխային մասը՝ ապստամբությունները։ Սկիզբը դրվում էր Վանից։ Ապրիլի 14-ին Գևորգ կաթողիկոսը հեռագրում էր Վորոնցով-Դաշկովին, որ Թավրիզի առաջնորդից տեղեկություն է ստացվել, թե Թուրքիայում ապրիլի 10-ից սկսվել է հայերի համատարած ջարդ։ Տաս հազար հայեր զենք են վերցրել և մեծ եռանդով կռվում են քրդերի ու թուրքերի դեմ։ Խնդրում էր, որ փոխարքան փութացներ ռուս զորքի արշավանքը դեպի Վան։ Այս հեռագիրը պարզ ցույց է տալիս, որ վաղօրոք եղել է պայմանավորում՝ ապստամբություն և արշավանք Վանի վրա։

Վանի հայությունը գրեթե մի ամիս ապստամբական կռիվներ մղեց թուրք զորքերի դեմ, և այդքան ժամանակամիջոցում ռուսական արշավանքը գնաց-հասավ Վան։ Արշավող զորաբանակի առջևից գնում էր Արարատյան կոչված կամավորական գունդը, որ զինվորական մեծ պատիվներով ճանապարհ էր դրվել խմբապետ Վարդանի գլխավոր հրամանատարությամբ։ Այդ արդեն մի խոշոր զորական կազմակերպություն էր՝ 2 հազար մարդուց բաղկացած, եթե չեմ սխալվում։ Գունդն իր կազմով և հանդերձանքով ահագին տպավորություն էր թողել հայ ազգաբնակչության վրա Երևանից մինչև սահմանագլուխ՝ ոգևորություն տարածելով նույնիսկ հասարակ գյուղական շրջաններում։ Ոգևորությունը համահայկական դարձավ մանավանդ այն ժամանակ, երբ մայիսի 6-ին ռուսաց զորքը Արարատյան գնդի ուղեկցությամբ մտավ Վան։ Այս դեպքի պատճառած հրճվանքը Թիֆլիսում արտահայտվեց մի ցույցով, որ տեղի ունեցավ Վանքի եկեղեցում։ Ռուսների ձեռքով Վանի նահանգապետ էր նշանակվել դաշնակցական խմբապետ Արամը, որ վաղուց գործում էր այնտեղ, հերոսի հռչակ էր ստացել և կոչվում էր Արամ-փաշա։ Այս հանգամանքն ավելի ևս խանդավառ ոգևորության աղբյուր դարձավ հայերի համար, իբրև աոաջին օրինակ 5-6-րդ դարերից ի վեր և իբրև նմուշ, թե ապագա ինչ կազմակերպություն պիտի ստանա Թուրքահայաստանն ազատարար ցարի ձեռքից։

Սակայն, մինչ կատարվում էին այս հանդեսները՝ անարյուն հաղթական արշավանքները, ոգևորությունն ու ցնծությունները, կովկասյան բարձր հրամանատարության շրջանում խմբագրվում և օրինականացվում էր մի շատ նշանավոր պատմական վավերագիր, որը մերկացնում էր Հայոց հարցով խաղ բռնած ցարական կառավարության իսկական միտքը։ Ահա այն.

«Իսկականի վրա գրված է ՝ համաձայն եմ՝

Կոմս Վորոնցով-Դաշկով

Հրամանատար

Կովկասյան բանակի

5 ապրիլի 1915թ.

Թիվ 1482

Գործող բանակ։

Ներկայումս Կովկասյան բանակը, տեղական միջոցների սաստման և ուրիշ տեղերից բերելու դժվարության պատճառով, ձիերի կերի պակասություն է զգում։ Առանձին դժվարություն այս բանի մեջ ընկնում է այն զորքերի վրա, որոնք գտնվում են Ալաշկերտի հովտում։ Այս զորքերին ձիերի կեր հասցնելը չափազանց թանկ է նստում և պահանջում է ունենալ և պահել մեծ քանակությամբ փոխադրական միջոցներ… Բոլորովին անհնար է այս նպատակով իրենց գործից կտրել զորքերին, ուստի անհրաժեշտ կհամարեի մասնավոր մարդկանցից կազմակերպել առանձին ընկերակցություններ (արտելներ), որոնց պարտավորությունը կլիներ  շահագործել այն հողերը, որ թողել են քրդերն ու թուրքերը, և որոշ գնով ձիերի կեր  տալ զորքերին: Հողերը շահագործելու համար հայերն  իրենց փախստականներով մտադիր են գրավել քրդերի և թուքերի լքած հողերը: Այս մտադրությունը ես համարում եմ անընդունելի այն պատճառով, որ  հայերի զավթած հողերը  պատերազմից հետո դժվար կլինի ետ վերցնել կամ թե ապացուցել, որ զավթածն իրենց չի պատկանում, որի ապացույցն է հայերի զավթումը ռուս-թուրքական պատերազմից հետո։

Չափազանց ցանկալի համարելով բնակեցնել սահմանամերձ վայրերը ռուսական տարրով՝ ես կարծում եմ, որ կարելի է մտցնել կյանքի մեջ մի ուրիշ միջոց, որ ավելի է համապատասխանում ռուսական շահերին։

Ձերդ պայծառափայլությանը հաճելի եղավ հաստատել իմ զեկուցումն այն մասին, թե անհրաժեշտ է այժմ իսկ դեպի թուրքերի զբաղեցրած սահմանները դուրս քշել Ալաշկերտի, Դիադինի և Բայազետի հովիտների այն բոլոր քրդերին, որոնք այս կամ այն կերպ մեզ դիմադրություն են ցույց տվել, իսկ ապագայում, երբ հիշյալ հովիտները կմտնեն Ռուսական կայսրության սահմանների մեջ, բնակեցնել դրանք Կուբանից և Դոնից գաղթածներով և այս միջոցով կազմել սահմանամերձ կազակություն։

Ի նկատի առնելով վերոգրյալը, թվում է՝ անհրաժեշտ է այժմ իսկ կանչել Դոնից և Կուբանից բանվորական արտելներ՝ վերոհիշյալ հովիտների խոտը քաղելու և հավաքելու համար։ Այս արտելները, դեռ մինչև պատերազմի վերջը ծանոթանալով երկրին, կկատարեն գաղթողների ներկայացուցիչների դերը և կնախապատրաստեն գաղթականությանը, իսկ մեր զորքերի համար կպատրաստեն ձիերի կեր։

Եթե Ձերդ պայծառափայլությունն ընդունելի կհամարեք իմ ներկայացրած ծրագիրը, ցանկալի կլինի, որ բանվորների արտելները գային իրենց անասուններով և ձիերով, որպեսզի նրանց կերակրումը չընկներ առանց այդ էլ ոչ բազմաթիվ փոխադրական խմբերի վրա, իսկ ինքնապաշտպանության համար նրանց զենքեր բաժանվեին։

Իսկականը ստորագրել է հետևակազորի գեներալ Յուդենիչ։

Զեկուցագիր Նորին պայծառափայլության Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին»:

Պարզ է, անշուշտ, թե ինչ էր կատարում «հայոց թագավորը» (նկատի ունի Վորոնցով-Դաշկովին – Epress.am)։ Մի կողմից նա հայ ժողովրդին նետում էր ապստամբության հրդեհի մեջ՝ խոստանալով դրա փոխարեն ազատագրել նրա հայրենիքը, իսկ մյուս կողմից՝ պատրաստում էր այդ հայրենիքը Ռուսաստանին միացնելու և կազակներով բնակեցնելու համար։ Սևհարյուրակային գեներալ Յուդենիչը կարգադրում էր փախստական հայերին հող չտալ Ալաշկերտի շրջանում, սպասում էր Դոնից և Կուբանից եկող մեծ գաղթականությանը, որ պիտի բռներ Արևելյան Եփրրատի ավազանը և պիտի կոչվեր «Եփրատյան կազակություն»։Նրանց համար ընդարձակ հողաբաժիններ պատրաստելու համար պետք էր պակասեցնել հայերի թիվն իրենց իսկ հայրենիքում։ Այստեղից մի քայլ էր մնում մինչև Լոբանով-Ռոստովսկու կտակը՝ Հայաստանն առանց հայերի։ Եվ այս բանը դժվար չէր մի Յուդենիչի համար, քանի որ նրա ծրագրերի վրա ինքը՝ «հայոց թագավորը», ինքը՝ փոխարքա և բանակի գլխավոր հրամանատար Վորոնցով-Դաշկովը գրում էր իր սեփական ձեռքով՝ «Համաձայն եմ»։ Հայերին այդպես խաբելու և ոչնչացնելու ծրագիրն, անշուշտ, Նիկոլայ Բ-ն էր բերել Թիֆլիս, հայ ժողովրդի վաղեմի և արյունարբու թշնամին, որ նոր միայն հագել էր գառան մորթի։
Իմ այս ասածները ենթադրություններ չեն։ Հենց նույն այդ ժամանակներից, երբ Յուդենիչի հռչակավոր հղացումն էր թղթի վրա արձանագրվում՝ 1915թ. ապրիլից, ռուսական բանակի վերաբերմունքն այնքան է վատանում դեպի հայ ժողովուրդը, որ հայ կամավորական շարժման պարագլուխները՝ Գևորգ կաթողիկոսը և Ազգային բյուրոյի նախագահությունն այլևս ավելորդ են համարում լռել և իրենց գանգատներն են գրավոր ուղարկում «խորապես հարգված կոմս Իլարիոն Իվանովիչին», քանի որ այս հին աղվեսը Նիկոլայի գնալուց հետո փակել էր իր դռներն իր սիրելիների առջև՝ պատրվակ բռնելով իր հիվանդությունը։ Այսպես, հունիսի 4-ին գրած իր նամակում կաթողիկոսը դառնապես գանգատվում էր գեներալ Աբացիևի վրա, որն ուղղակի հալածում էր Մանազկերտի շրջանի հայերին։ Քաղում եմ` այդ նամակից հետևյալ կտորը.

«Համաձայն այն տեղեկությունների, որ ես ստացել եմ իմ տեղական ներկայացուցիչներից, Թուրքահայաստանի այս շրջանում ոչ միայն հայերին չի ցույց տրվում որևէ օգնություն կամ պաշտպանություն բռնություններից, այլև կատարյալ արհամարհանքի է մատնվում ամեն մի խնդիր քրիստոնյա ազգաբնակչության պաշտպանության մասին, մի բան, որ առիթ է տալիս քուրդ ցեղերի գլխավորներին և չերքեզներին շարունակել անպատիժ հարստահարություններ կատարել անպաշտպան քրիստոնյաների վրա…»։

…Թունավոր մթնոլորտը, կասկած չկա, ստեղծված–վերջացած էր: Ցարական զորքերի համար հայը ավտոնոմիստ էր, և եթե նրան մորթում էին, այդ բանին կարելի էր միայն հանդիսատես լինել և ոչ միայն չվրդովվել, այլև բարեկամություն անել կոտորող քրդերի հետ: Այսպես էր իրականությունը, որ անասելի սարսափներ էր պատրաստել հայ ժողովրդի համար»:

Առաջին լուսանկարը՝ armeniapedia.org, հեղինակը՝ Արմին Վեգներ

Tekali Taxi