Home / Հայաստան / Էդվարդ Նալբանդյանն Իրանում քննարկել է համատեղ տնտեսական ծրագրերը

Էդվարդ Նալբանդյանն Իրանում քննարկել է համատեղ տնտեսական ծրագրերը

Երեկ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քննարկել են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի և նավթամթերքների պահեստարանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Իրանի նախագահն ընդգծել է վերոհիշյալ նախագծերի իրականացման կարևորությունը:

Նույն օրը Թեհրանում կայացել են նաև Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի բանակցությունները:

Բանակցություններին քննարկման առարկա են դարձել միջազգային օրակարգի հարցեր: Սալեհին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել, որ այդ կապակցությամբ վերջին հանդիպմանը դրական միտում է արձանագրվել և հույս հայտնել, որ այն ոչ միայն կպահպանվի, այլ նաև կամրապնդվի մայիսին Բաղդադում նախատեսված հանդիպմանը:

Հայաստանի արտգործնախարարը իրանցի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը՝ ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը:

Tekali Taxi