Home / Հայաստան / Իրավապաշտպանն այցելել է ոստիկանություն. նրան հարվածել էին քարոզարշավի ժամանակ (թարմացված)

Իրավապաշտպանն այցելել է ոստիկանություն. նրան հարվածել էին քարոզարշավի ժամանակ (թարմացված)

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը Արման Վեզիրյանին հարվածելու առնչությամբ զանգահարել է ՀՀ ոստիկանության թեժ գիծ, սակայն այնտեղ զանգերին ոչ ոք չի պատասխանել: Հետագայում կազմակերպության ներկայացուցիչները կապվել են օպերատիվ խմբի հետ, որոնք նշել են, որ տեղյակ կպահեն Շենգավիթի ոստիկանության բաժնին:

Ոստիկաններն Արման Վեզիրյանին չեն այցելել, որից հետո ինքը և կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը ոստիկանների հրավերով անձամբ մեկնել են բաժին: Այնտեղ իրավապաշտպանները զրուցել են նախ Շենգավիթի քրեականի պետի տեղակալ Պողոսյանի հետ՝ ներկայացնելով տեղի ունեցածը, ապա հետաքննիչ Ա.Ղազարյանի հետ, ով Վեզիրյանին դատաբժշկական ուղեգիր է տվել: Քննիչը նաև Վեզիրյանից ընդունել է հանցագործության մասին հաղորդում:

Արման Վեզրիյանը հրաժարվել է նախաքննության մարմին բացատրություն տալուց, և պատրաստվում է վաղը ներկայանալ բաժին Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցի հետ:

Հիշեցնենք, որ այսօր 18:30 -ի սահմններում Շենգավիթ համայնքի Սեդրակ Սարգսյան փողոցի սեփական տներից մեկի մոտ 45 տարեկան մի տղամարդ հարվածել է «Հելսինկյան ասոցիացիա»  իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Արման Վեզիրյանի դեմքին:

Epress.am-ի հետ զրույցում Վեզիրյանը պատմել էր, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը:

Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ  Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները նախընտրական քարոզչանյութեր են բաժանելիս եղել, և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ:

Այդ տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան տղամարդ և սկսել է  բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»:

Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Այդ պահին տղամարդը հարվածել է իրավապաշտպանի դեմքին, որի հետևանքում նրա աչքի տակ այտուցվել է:

Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի Facebook-ի էջից

Tekali Taxi