Home / Հայաստան / «Ազգայնական հարձակում». պանկ խմբի մենակատարի բարը վառե՞լ են

«Ազգայնական հարձակում». պանկ խմբի մենակատարի բարը վառե՞լ են

Ղազար Փարպեցի փողոցում գտնվող D.I.Y բարում այսօր վաղ առավոտյան`05:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել: Այս մասին ահազանգ ստանալով` բարի սեփականատեր Արմինե Օգանեզովան (հայտնի է որպես Ծոմակ` արվեստագետ, «Պինցետ» պանկ խմբի մենակատար) մեկնել է դեպքի վայր և հայտնաբերել, որ բարն ամբողջությամբ այրվել է:

Օգանեզովան Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ թեև մտածել է, որ հրդեհը անզգուշության հետևանք է, սակայն հետո, դիտելով բարում տեղադրված տեսախցիկների ֆիքսածը, տեսել է, որ հրդեհը բռնկել են երեք հոգի, ովքեր բարի դուռը ջարդել են և ինչ-որ վառվող բան են նետել ներս:

Նկարահանված տեսանյութից չի երևում կոնկրետ ովքեր են այդ երեք անձիք, սակայն Օգանեզովան ասել է, որ ուրվապատկերներից երևում է, որ դրանք նախկինում բարի վրա հարձակումներ գործած ազգայնամոլներն են:

Նշենք, որ դեպքի վայր է մեկնել նաև իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, ով Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ամեն ինչ վկայում է այն մասին, որ «դա պետական ազգայնական հարձակում է»:

Epress.am-ը փորձել է ճշտել` արդյոք Ոստիկանությունը զբաղվում է պատահարի քննությամբ, սակայն լրատվական վարչությունից խոստացան ուշ պատասխանել հարցին: Մինչ 17:30-ը Epress.am-ը դեռ պատասխան չէր ստացել:

Tekali Taxi