Home / Հայաստան / Գագիկ Ծառուկյան. Գնահատվելու են նրանք, ովքեր աչքի են ընկել պարկեշտությամբ

Գագիկ Ծառուկյան. Գնահատվելու են նրանք, ովքեր աչքի են ընկել պարկեշտությամբ

«Ես իմ երախտիքն ու շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ ու իմ թիմին և իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այդ մարդկանց թիվը աննախադեպ մեծ է: Ավելի քան 450 հազար մարդ», – այս մասին ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձի մեջ:

Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին այլ քաղաքական ուժերի օգտին` պայմանով, որ իրենց որոշման հիմքում ունեցել են  սեփական խիղճն ու համոզմունքները:

«Ես շնորհակալություն եմ հայտնում իմ թիմակիցներին, ովքեր ահռելի աշխատանք կատարեցին, և կրկին վստահեցնում եմ, որ գնահատվելու են նրանք, ովքեր աչքի են ընկել իրենց արդյունավետ աշխատանքով և պարկեշտությամբ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես եղել եմ մեր երկրի գրեթե բոլոր քաղաքներում, մեծ և փոքր  համայնքներում ու գյուղերում: Հանդիպել եմ հարյուր հազարավոր իմ հայրենակիցների հետ:  Այսօր ես ուզում եմ վերահաստատել այն հիմնական ուղերձները, որոնք ես ուղղել եմ ժողովրդին:

Ինձ համար չկա ավելի թանկ բան` քան ժողովրդի վստահությունը: Եվ ես այդ վստահությունը սրբորեն պահելու եմ: Ինձ համար չկա ավելի կարևոր գործ` քան մեր  ժողովրդի և պետության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելը, մարդկանց հոգսը թեթևացնելը: Սա այլեւս իմ կյանքի հիմնական նպատակն է:

Ես վստահեցնում եմ, որ իմ հետագա քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց և քննարկելուց հետո: Իսկ իմ բոլոր քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ և ժողովրդի կողմից ընդունելի», – ասված է ուղերձում:

Tekali Taxi