Home / Տեսանյութեր / Հ/կ-ներն ու անհատները դատապարտել են DIY ակումբի վրա հարձակումը

Հ/կ-ներն ու անհատները դատապարտել են DIY ակումբի վրա հարձակումը

Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ դատապարտել են մայիսի 8-ի առավոտյան Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող D.I.Y բարի պայթեցնելը: Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու ազգայնամոլ իրանահայեր` Համբիկ և Արամե Մ. եղբայրները:

«Ըստ տարածված լուրերի, այս նույն երիտասարդները նման քայլեր են կատարել նաև Երևանի այլ ակումբներում, որոնք ըստ իրենց` բազմազանության և բազմամշակութայնության կողմնակիցներ են: Խիստ մտահոգիչ և դատապարտելի է այն հանգամանքը, որ տվյալ երիտասարդները ներկայացնում են անհանդուրժողական և ֆաշիստական խմբավորում, որը մինչ այդ պարբերաբար ագրեսիվ գործողություններ կատարելով` ահաբեկել է ակումբի տերերին ու հաճախորդներին և փորձել վախ սերմանել:

Մենք դատապարտում ենք ֆանատիկ, ֆաշիստական և ապօրինի բռնի գործողությունները: Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածի պահանջով «[…]Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Իսկ ՀՀ Սահմանադրության 47 հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը: Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը […] ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով», – նշում են հայտարարության հեղինակները:

Նրանք կարծիք են հայտնում, որ դեպքի հետ կապված` ոստիկանությունը ցուցաբերել է ոչ հետևողական, անտարբեր մոտեցում հանցագործներին գտնելու և պատժելու գործում:

«Միայն շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետևողական ահազանգերի և հորդորների արդյունքում հնարավոր է եղել դրդել ոստիկանությանը միջամտողական գործողությունների:

Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը ձեռբակալել է հանցագործներից երկուսին, այս հարցի առնչությամբ մենք պահանջում ենք ոստիկանությունից ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, հայտնաբերել ու պատժել բոլոր հանցագործներին, ապահովել DIY ակումբի և նման հասարակական վայրերի տերերի և այցելուների անվտանգությունը, ապահովել վնասների պատշաճ հատուցումը: Հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության մոտ առկա են հանցագործության մասին վկայող փաստեր, որի հիման վրա ոստիկանությունը պարտավոր է իրականացնել անհապաղ գործողություններ և պատասխանատվության ենթարկել հանցագործներին», – ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության տակ ստորագրել են.

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Հույս ՀԿ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Էկոդար ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ

«Տարօրինակելով Երևանը» կոլեկտիվ

Լուսինե Վայաչյան – լրագրող

Լևոն Մարգարյան – լրագրող

Լալա Ասլիկյան – ակտիվիստ

Արթուր Գրիգորյան – իրավաբան

Միկա Արթյան – բլոգեր

Tekali Taxi