2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ազգայնականները ուշ երեկոյան կրկին հարձակվել են Ծոմակի բարի վրա

Մոտ մեկ ժամ առաջ մի խումբ երիտասարդներ հերթական անգամ հարձակում են գործել Փարպեցի փողոցի վրա գտնվող «Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովային (Ծոմակ) պատկանող DIY ակումբի վրա: Այս մասին Epress.am-ին հայտնել է իրավապաշտպան Լալա Ասլիկյանը:

Նրա խոսքով` երիտասարդները այրել են ակումբը` պատերին թողնելով հետևյալ գրառումները. «Վերջ տանք Ծոմակին», «Ոչնչացնենք ֆաշիստների կենտրոնը», «Սպասեք հաջորդ հարձակմանը»: Իրավապաշտպանը նաև նշել է, որ ակումբն այրելուց հետո ազգայնական երիտասարդները ջուր են լցրել բարի ողջ տարածքում:

Նշենք, որ այսօր սա թվով երկրորդ հարձակումն էր ակումբի վրա: Նախորդ միջադեպը տեղի էր ունեցել կեսօրին, երբ Երևանի կենտրոնում մի խումբ հասարակական կազմակերպություններ փորձում էին «Բազմազանություն» խորագրով երթ անցկացնել: Վերջիններիս չի հաջողվել իրականացնել ակցիան, քանի որ նրանց խոչընդոտել են ազգայնական երիտասարդները` հայտարարելով, որ թույլ չեն տա իրենց երկրում «այլսերվածություն» տարածել: