Home / Հայաստան / «Գործում տրամաբանություն չկա». ՀԱԿ ակտիվիստը պատմել է` ինչ է եղել Կարապի լճի մոտ

«Գործում տրամաբանություն չկա». ՀԱԿ ակտիվիստը պատմել է` ինչ է եղել Կարապի լճի մոտ

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, 2011 թվականի օգոստոսի 9-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանը:

Հիշեցնենք, որ  2011 թվականի օգոստոսի 9-ին, Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը, ով Արտակ Կարապետյանի հետ միասին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մյուս ակտիվիստներին մեղադրում են խուլիգանության մեջ:

Տիգրան Առաքելյանը պատմել է, որ միջադեպի օրը ինքը զբոսնում էր Տերյան փողոցում իր ընկերոջ` Արտակ Կարապետյանի հետ: Ճանապարհին նա հանդիպել է իր համակուրսեցիներին և մի քանի րոպե նրանց հետ զրույցի բռնվել, երբ տեսել է, որ իրենից առաջ անցած Արտակ Կարապետյանը զրուցում է երկու ոստիկանների հետ:

Տիգրան Առաքելյանի խոսքով` մոտենալով նրանց` ինքը լսել է, թե ինչպես է իր ընկերն ասում, որ կարող է «որպես ընթերակա ներգրավվել»: Առաքելյանի խոսքով` կարմիր բերտավորներից մեկն ասել  է. «Արա, սրանք լևոնականներ են», որին հաջորդել է վիճաբանություն:

Դրանից հետո Առաքելյանը նշել է, որ այդտեղ զբոսնող տարեց մարդիկ փորձել են իրենց և ոստիկաններին հաշտեցնել, սակայն, երբ նրանց են միացել ևս երկու ոստիկաններ, նրանցիցի մեկը հարվածել է Տիգրան Առաքելյանին, ինչի հետևանքով նա ընկել է գետնին, որին հաջորդել է քաշքշոցը: Այնուհետև Կարապետյանին նույնպես գցել են գետնին ու սկսել 15 հոգով հարվածել:

Առաքելյանը պատմել է, որ այդ քաշքշոցը դադարել է այն պահին, երբ միջադեպի վայր է ժամանել ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը, ով բարկացել է իր ենթակաների վրա, և հենց ինքն է Առաքելյանին գետնից բարձրացրել ու ասել հետևյալը. «Տիգրան ջան, ախպեր ջան, վաղը խայտառակ ենք լինելու, արի մոռանանք` ինչ եղել է»:

Այս բանակցությունների ժամանակ, Առաքելյանի կարծիքով, կապի միջոցով ոստիկանները հրաման են ստացել, որի հետո իրենց բերման են ենթարկել, ընդ որոում` գետնին քարշ տալով, քանի որ իրենք հրաժարվել են բաժին գնալ` համարելով, որ իրենց պահանջ չի ներկայացվել, ուստի և ոստիկանների գործողությունները անօրիանական են: Բացի դա, իր խոսքում Առաքելյանն ասել է, որ ինքն այնտեղ ոստիկանների չի տեսել,  քանի որ նրանք ոստիկաններ չէին, որովհետև անօրինական գործողություններ էին կատարում:

Մեղադրյալը նաև ասել է, որ ինքը միայն ոստիկանությունում է իմացել, որ իր հինգ ընկերներին ևս բերման են ենթարկել: Ինչ վերաբերում է գործով անցնող տուժող Տիգրան Ավետիսյանի քիթը կոտրելու հանգամանքին, Տիգրան Առաքելյանն ասել է, որ մեքենայում, որում գտնվել են չորս հոգի, ինքն այնպես է նստած եղել, որ ինքը գրեթե Տիգրան Ավետիսյանի գրկում է  եղել: Ըստ Առաքելյանի` այդ ընթացքում Ավետիսյանը իր կոկորդից բռնել էր, ու ինքը խեղդվելիս է եղել: Տիգրան Առաքելյանը չի բացառել, որ իր` շնչահեղձ լինելու պարագայում իրեն թափահարելու հետևանքով, կամ մեքենայի կտրուկ արգելակումից կոտրվեր Ավետիսյանի քիթը, կամ նրա քիթը մնացած լիներ դռան տակ:

Երբ Առաքելյանին հասցրել են ոստիկանության բաժին, ինքն իջնելիս իրեն շատ վատ է զգացել, և իրեն բաժին են մտցրել` գետնին քարշ տալով: Առաքելյանի խոսքով` բաժնում իր հանդեպ ևս բռնություն է գործադրել օպեր Կարեն Հովսեփյանը, ով  ոտքով հարվածել է, և դրա հետևանքով ինքը մեկ ամիս դժվարությամբ է քայլել: Այնուհետև ոստիկանությունում աղմուկ է  բարձրացել նրա համար, որ Կոնգրեսի 7 երիտասարդները չեն ցանկացել առանձնանալ, մինչև իրենց փաստաբանները չգան, և այդտեղ ևս ոստիկանները երիտասարդներին ստիպելով  ու քաշքշելով բարձրացրել են երկրորդ հարկ:

Առաքելյանի խոսքով` գործով անցնող տուժող Տիգրան Ավետիսյանի ցուցմունքը, որի համաձայն ինքը ոստիկանությունում գտնվել է մի քանի րոպե և դրանից հետո տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենց բերման ենթարկելուց մոտ 2 ժամ հետո Ավետսիյանին տեսել է  ոստիկանության միջանցքում քայլելիս` առանց որևէ մեկի օգնության:

Այնուհետև Առաքելյանին հարցեր է ուղղել մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը` հետաքրքրվելով, թե ինչու են ոստիկանները Առաքելյանին գետնին գցել, մանավանդ, որ իրեն չեն ճանաչել: Դրան ի պատասխան Առաքելյանն ասել է, որ չգիտի. «Եթե տրամաբանություն լիներ այդ քրեական գործի մեջ, ապա ինչու պիտի շուն հայտնվեր, հետո սատկեր, հետո տերն ասեր` տանեմ, շան գերեզմանը ցույց տամ: Չունեմ պաատասխան, քանի որ անտրամաբանական քրեական գործ է»,- ասել է Տիգրան Առաքելյանը:

Դատախազի այն հարցին, թե ինչու էր Տիգրան Ավետիսյանը մեքենայում ցանկանում  իրեն խեղդել, Առաքելյանն ասել է, որ Ավետիսյանն իրեն չի ճանաչել, և հավանաբար բոլորին էլ այդպես են բերման ենթարկում, այսպիսի ապօրինի գործողություններ կատարելով:

Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստին հրապարակվել է երկու վկայի նախաքննական ցուցմունք, որոնց ներկայությունը չեն կարողացել ապահովել: Նրանցից մեկի` Հայկ Մաթևոսյանի մորից դատարանը ստացել է գրություն, որ իր որդին մեկնել է Գյումրի ընկերոջ մոտ, իսկ մայրը հասցեն չգիտի: Առաքելյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդել է ապահովել այդ վկայի  ներկայությունը, քանի որ նրա ասածները կարող են կարևոր լինել տվյալ գործով, և իրենք տպավորություն ունեն, որ այդ վկան ոււղղակի խուսափում է  ներկայանալ դատարան: Մյուս վկան` Ավետիս Ամիրջանյանը, բացակայում է  հանրապետությունից: Այս վկան իր նախաքննական ցուցմուքնում ասել է, որ լսել է, թե ինչպես են մի քանի երիտասարդներ վիճում էին կարմիր բերետավորների հետ և ասում հետևյալը. «Ձեզ չե՞նք ասել` մեր աչքին չերևաք, այ կարմիր գլխարկներ, այ կարմիր բանտիկներ»:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 5-ին, ժամը 12-ին:

Tekali Taxi