Home / Հայաստան / Ինչու է Հայաստանում դոլարը թանկանում. տնտեսագետը կապում է ընտրությունների հետ

Ինչու է Հայաստանում դոլարը թանկանում. տնտեսագետը կապում է ընտրությունների հետ

Դոլարի անընդհատ բարձրացող փոխարժեքը, միանաշանակ, կապված է ընտրությունների հետ, կարծում է Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Epress.am-ի հետ զրույցում Խաչատրյանը նշել է, որ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկի տնօրինությունը ընտրություններին նախորդող շաբաթում կանխիկ դրամի քանակությունը շուկայում էականորեն ավելացրեց:

«Իսկ այն, որ հիմա` ընտրություններից հետո, խոսում ենք այն մասին, որ զանգվածաբար փող է  բաժանվել` մոտ 1 միլիոն դոլլար,  իրականում, երբ թվերով ենք նայում, դա 70-ից մինչև 120 միլիոն է`տարբեր աղյուսակներում», – ասել է Խաչատրյանը:

Հաջորդ խնդիրը կարող է  կապված լինել արտաքին առևտրի հետ, քանի որ, տնտեսագետի խոսքով, Հայաստանում արտաքին առևտրի հիմնական  նպաստող գործոնը աճի ցուցանիշին հանքաքարերի արտահանումն է և միջազգային շուկայում դա էականորեն անկում է ապրում:

«Մյուսը դեռևս պարզ չէ` թե ընտրություններից հետո մասնավոր տրասնֆերտների վիճակն ինչպիսին է: Եթե աճում է դա, դոլարի կուրսը պետք է ընկնի: Իհարկե, չորրորդ հանգամանք էլ կա, որը դեռևս չի երևում` կապիտալի արտահոսք: Կարծում եմ, որ սա կարևոր հանգամանքներից մեկը կլինի, ուղղակի մեր վիճակագրական փաստաթղթերում չի երևում: Նույնը Ռուսաստանում է տեղի ունենում»,- ասել է Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով` Ռուսաստանում նույնպես  այդ խնդիրներն առաջացան հետընտրական շրջանում:

«Նրանց մոտ էլ հետընտրական գործընթացներից հետո քաղաքական էն ակնկալիքները, որ ունեին, քաղաքացիները չունեն հիմա, կապիտալը փախնում է  երկրից, փոփոխություններ տեղի չեն ունենում: Մեր երկրում էլ հիմա այդ հանգամանքը կա,  կարելի է ասել, տնտեսության նկատմամբ վստահություն չկա, մարդիկ տեսնում են, որ քաղաքական համակարգում փոփոխություններ չեն լինում, և այստեղ ներդրումներ չեն լինելու, այլ հակառակը, այստեղից փողը պետք է հանել:

Եթե դրսից գումարներ չմտնեն երկիր, եթե ինչ-որ խոստումներ կան, որ վարկեր կտրամադրեն, դրանք չեղան, ուրեմն սա երկար կշարունակվի»,- նշել է  Վահագն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ դոլարի վաճառքի գինը հասել է 409 դրամի:

Tekali Taxi