Home / Հայաստան / Փակ շուկայի թեման, Մաշտոցի այգու օրինակով, կօգտագործեն PR նպատակներով. կարծիք

Փակ շուկայի թեման, Մաշտոցի այգու օրինակով, կօգտագործեն PR նպատակներով. կարծիք

Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» պաշտպանության համար ստեղծված նախաձեռնության անդամները մեկնել են Ոստիկանության կենտրոնի բաժին` հանցագործության մասին հայտարարություն տալու համար:

«Պատմամշակութային շենքը քանդել չի կարելի, այն էլ առանց քաղաքապետարանի, պատկան մարմիների թույլտվության: Շենքը քանդելուց առաջ պետք է հանրությանը ներկայացվի շենքի նախագիծը, դա պետք է փակցված լինի շենքի պատին:  Նույնիսկ եթե ճարտարապետական կոթողը գնել է որևէ մեկը և դա արդեն նրա սեփականությունն է, նրա քմահաճույքով չպետք է շենքը քանդվի», – Epress.am-ի թղթակցին ասել է Փակ շուկայի մոտ եկած նախաձեռնության մասնակից, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Նշենք, որ նախաձեռնության ակցիային դժգոհությամբ են դիմավորել շուկայի հարակից շենքերի բնակիչները: Նրանք ասում էին, որ  արդեն հոգնել են իրենց բակում փոշուց ու կեղտից, և ուրախ են, որ մեկը որոշել է կարգի հրավիրել մոռացված շուկան:  Բնակիչներից մեկն էլ ասում էր, որ Փակ շուկայի հետևի պատերը տարիներ առաջ են քանդվել, դռները  հանվել են: Նա դժգոհում էր, թե ինչու են ակտիվիստները միայն հիմա հիշել, որ նման ճարտարապետական կոթող կա:

Նախաձեռնության անդամները բնակիչներին մեղադրել են շենքը գնած օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ գործարքի մեջ մտնելու համար`  հիշելով, որ նման նախադեպ արդեն եղել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Ակցիային  ներկա արվեստագետ Կարեն Անդրեասյանը խորհուրդ է տվել, սակայն, չմոռանալ, որ ճարտարապետությունը նախ հանրային ոլորտ է, և բակի բնակիչների դժգոհությունը, թե ինչու մինչ այժմ ոչ ոք չի պայքարել շենքի համար, ոչ մի նորոգում չի արվել, տեղին է:

«Կան շենքի մասին նոր իմացած ակտիվիստներ, ու հանգիստ և աշխատատեղ ապահովող շուկայի հարևավությամբ ապրել ուզող մարդիկ: Պետք է լինի նաև կոմպետենտ մարդկանց խումբ, որ բացատրի իրավիճակը, քանի դեռ այս հարցը, ինչպես Մաշտոցի այգու դեպքում, իրենց նպատակների համար չեն օգտագործել քաղաքական PR-ով զբաղվողները», – ասել է Կարեն Անդրեասյանը:

Լուսանկարը Facebook-ում տեղադրել է Hayk Bianjyan օգտատերը

Tekali Taxi